Life.panorama.am-ը գրում է.

Life.Panorama.am-ը հյուրընկալել է երիտասարդ դերասան Տիգրան Մակարյանին, զրուցել թե՛ գործնական, թե՛ անձնական, թե՛ ընկերական հարցերի շուրջ: Մեր այսօրվա հյուրը շատերի համար բացահյատում կլինի բնավորության և մտածելակերպի տեսանկյունից
-Տիգրան, նոր ֆիլմ չի՞ նկարահանվում: Ինչո՞վ եք զբաղված այժմ:
-Դերասանական առումով ներկա պահին ինձ մոտ դադար է: Աշխատում եմ իմ, կարելի է ասել, երկրորդ մասնագիտությամբ՝ 3Dtuning.com կայքում: Այդ նախագիծը աշխարհում եզակի է, ստեղծել ենք 2008 թվականին: Պրոեկտի ղեկավարն ու սայթի գլխավոր դիզայները եղբայրս է (մորաքրոջ տղան Ն.Մ.):
-Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել նաև այդ գործով:
-Շատ էի սիրում այս մասնագիտությունը: Մինչ Թատերական ինստիտուտ ընդունվելը Գեղարվեստի պետական ակադեմիայում էի սովորում՝ զրո կուրսում. Չէի կողմնորոշվում՝ ընդունվել Թատերական ինստիտո՞ւտ, թե՞ Գեղարվեստի պետական ակադեմիա: Վերջին երկու ամսում եմ որոշում կայացրել:
-Առավել շատ ի՞նչն օգնեց որոշում կայացնելու հարցում:
-Ձգեց այդ կյանքը: Բացի այդ, մեծացել եմ դերասանների ընտանիքում, մանկուց եղել եմ թատրոնում՝ բեմում և կուլիսներում: Դեռ դպրոցական էի, որ նկարահանվեցի Ալեքսանդր Աթանեսյանի «Сволочи» ֆիլմում: Այդտեղի «աուրան» շատ էր տպավորվել իմ մեջ, ցանկություն ունեի նորից վերապրել այն ամենն, ինչ զգացել էի պատանի տարիքում: Նաև հասկացա, որ ինձ առավել շատ հոգեհարազատ է թատերական արվեստը, քան համակարգչային գրաֆիկան: Թեև, ստացվեց այնպես, որ երկու աշխատանքով էլ հավասարապես, նույն ոգևորվածությամբ, զբաղվում եմ:

-Իսկ ինչո՞ւ թատրոնում չեք աշխատում:
-Ուսանողական տարիների ավարտվելուն պես ավարտվեց նաև իմ թատերկան գործունեությունը. Դառնում ես երիտասարդ, նոր կյանք ես մտնում, բավականին շատ անելիքներ ես ունենում, իսկ թատրոնն այն բեմահարթակը չէ, որտեղ երիտասարդը կարող է իրեն լավ զգալ. Ավելի ճիշտ, լավ կարող ես զգալ միայն արվեստի առումով՝ թատրոնի հոտը շնչելով ու թատերական կյանքից հաճույք ստանալով: Բայց, ըստ իս, դա շատ քիչ է երիտասարդի զարգանալու համար: Այնպես որ, ստիպված եղա թատրոնից դուրս գալ, աշխատել հեռուստաընկերությունում, նաև իմ այս մյուս մասնագիտությամբ: Թեև, շատ եմ կարոտում։
-Գուցե կգա մի օր, որ ֆինանսական հարցերն այնքան կբարելավվեն, խնդիրներ չեն լինիև նորից կվերադառնաք թատրոն:
-Կարծում եմ այո, թատրոն վերադառնալու օրը կգա: Բայց, եթե անկեղծ ասեմ, իմ դեպքում շեշտը ֆինանսականի վրա դրված չէ, ուղղակի ժամանակի խնդիր է: Թատրոնն այն վայրը չէ, որին կարող ես օրվա մեջ 2-3 ժամ տրամադրել: Եթե ընտրել ես այն, ապա ամբողջ կյանքդ պետք է կապես նրա հետ: Ցանկացած ներկայացում ստեղծվում է ամիսների ընթացքում՝ քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ցավոք, ես այսօր այդ ժամանակահատվածը չունեմ, զբաղված եմ թե՛ աշխատանքի, թե՛ կյանքս դասավորելու առումով: Եթե խնդիրը միայն ֆինանսի մեջ լիներ, ես դրան ուշադրություն չէի դարձնի:
-Դուք հանրությանը հայտնի դարձաք մի քանի տարի առաջ՝ «Հրեշտակների դպրոցը»սերիալով: Բացի ճանաչումը, ուրիշ ի՞նչ տվեց Ձեզ հայտնի դառնալը:
-Առանձնապես ոչինչ, ուղղակի քեզ ավելի պարտավորեցնում է, քանի որ գիտես՝ կան մարդիկ, ովքեր քեզանից այս կամ այն սպասելիքն ունեն: Անկեղծ ասած՝ ես ինձ հայտնի մարդ չեմ էլ համարում, ուղղակի դերասան եմ, ով իր մասնագիտությունն է սիրում և փորձում դրանում հաջողությունների հասնել:
-Փաստորեն, դեռ չեք հիվանդացել «աստղային» հիվանդությամբ:
-Ես ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից է այդ հիվանդությունն առաջացել: «Աստղայինը» տարած մարդկանց, կոպիտ ասած, ես «բանի տեղ» չեմ դնում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



