Armtimes.com-ը գրում է.

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

- Պարոն Ղուլյան, 2014-ի հուլիս-օգոստոս ամիսներից մինչեւ օրս հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կտրուկ աճ է նկատվում, ըստ ձեզ` ինչո՞ւ է ադրբեջանական կողմն այսպես ակտիվացել:

- Զինադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր՝ Ադրբեջանը զորքերի շփման գծում եւ Հայաստանի հետ պետական սահմանին սադրանքների դիմել է մշտապես: Այդ երկրի իշխանությունների կողմից իրականացվում է ոչ թե խաղաղության հաստատմանը նպաստելու, այլ՝ ռեւանշի հնարավորություն ստանալու քաղաքականություն: Վերջին սրացումները կարելի է բացատրել նաեւ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում բռնությունների աճով, ինչպես նաեւ միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու նպատակով: Այսինքն՝ իշխող վարչակարգն իր հանդեպ խորացող քննադատությանը պատասխանում է տարածաշրջանային պատերազմի վերսկսման սպառնալիքով: Գործնականում՝ Ալիեւի ռեժիմը իրավական, քաղաքական եւ բանակցային այլ փաստարկների ռեսուրսն սպառել եւ հայտնվել է մեկուսացման մեջ: Միջնորդների հայտարարություններում սկսել են հայտնվել Ադրբեջանի ապակառուցողական եւ անզիջում պահվածքի մասին ակնարկներ: Իրավիճակն իր օգտին փոխելու նպատակով Բաքվի քաղաքական վերնախավը մեծացնում է լարվածությունը: Ինչ-որ տեղ դա կարելի է համարել նաեւ համանախագահ երկրների հեղինակությունը կասկածի տակ դնելու, բանակցային ձեւաչափը փոխելու նպատակադրվածություն:

- Լարվածության աճը համընկնում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացները սկսելու հետ, ինչո՞վ է սա պայմանավորված: Տեսակետ կա նաեւ, որ ՌԴ-ն ցանկանում է ԵՏՄ կազմում նաեւ Ադրբեջանին տեսնել եւ լարվածությունը հրահրում է ռուսական կողմը, որքանո՞վ է այս տեսակետը հիմնավոր:

- Այս դեպքում ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի, բայց այն պետք է եթե ոչ իրականությանը, ապա գոնե առողջ տրամաբանությանը մոտ լինի: Եթե Ռուսաստանը ցանկանար Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու միջոցով տանել ԵՏՄ, ապա բոլորովին այլ գործիքակազմ կօգտագործեր: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի հյուսիսային շրջանները գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ, առկա են նաեւ էթնո-քաղաքական բնույթի բազմաթիվ խնդիրներ: Այնպես որ, Ռուսաստանն Ադրբեջանին «հնազանդեցնելու» շատ ավելի մեծ հնարավորություններ ունի այնտե՛ղ, քան՝ հայ-ադրբեջանական սահմանին կամ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում:

- Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեծ քանակությամբ սպառազինություն է վաճառում Ադրբեջանին եւ այդ զենքը մեր թշնամին օգտագործում է մեր դեմ:

- Պետք է ընդունել, որ Ադրբեջանին հաջողվել է Ռուսաստանի հետ իր հարաբերություններում որակական փոփոխություններ արձանագրել՝ ի հաշիվ առեւտրային բաղադրիչի կարեւորման: Դա անժխտելի է: Բայց դրանից, կարծում եմ, պետք չէ զգացմունքային եզրահանգումներ անել: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է, եւ պետք է ամրապնդել նրա շահագրգռվածությունը՝ տարածաշրջանում փխրուն խաղաղությունը պահպանելու ուղղությամբ:

- Բայց ինչպե՞ս է դա հնարավոր անել եւ ի՞նչ է անում ԼՂՀ-ն նման արդյունքի հասնելու համար:

- Այստեղ միայն ԼՂՀ անելիքներին ապավինելով դժվար է իրավիճակը փոխել: Հայաստանի, սփյուռքի ու բոլոր մյուս ազդեցության կենտրոնների ներուժը պետք է համադրել եւ դարձնել միջնորդների համար ընկալելի մոտիվացիա: Դրա հիմքում կարող է լինել այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ միասնական, եւ նրանցից յուրաքանչյուրն Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է կառուցի 1994թ.-ից ի վեր առկա հավասարակշռությունը պահպանելու եւ իրավիճակը դեպի խաղաղություն առաջ մղելու գերակայությամբ: Դա նաեւ նրանց շահերից է բխում:

- Ադրբեջանը վերջին շրջանում սկսել է ավելի ծանր զինատեսակներ կիրառել շփման գծում, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը:

- Ենթադրում եմ, որ դրա պատճառը նախորդ մարտավարությունների տապալումն է: Երբ ձախողվում են դիվերսիաները, դիպուկահարների պատերազմում ադրբեջանական կողմն ավելի մեծ կորուստներ է ունենում, իսկ ռեժիմը զինվորական հրամանատարությանը պարտադրում է անպայման, թեկուզ փոքր, բայց «հաջողություն արձանագրել», ապա մնում է դիմել ականանետի օգնությանը: Չեմ բացառում, որ երեւույթը նաեւ կլանային համակարգի հակասությունների դրսեւորում է: Չմոռանանք, որ Ալիեւը պաշտոնազրկել է 18 տարվա անփոփոխ պաշտպանության նախարար Աբիեւին, որի ազդեցությունը բանակի վրա դեռեւս ահռելի է: Այս իրավիճակում նոր նախարարը, որ մինչ այդ ընդամենը ոստիկանական զորքերի հրամանատար է եղել, ունի ինքնահաստատման խնդիր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել