Ընթերցվածք` Ես. 53.1-54.5, Ա Կորնթ. 15.1-28
Թե´ եկեղեցական, թե´ ազգային կյանքում արտաքին տարբեր արտահայտչաձևեր ունեցող տոները, հիշատակության օրերը հաստատվում են հստակ նպատակով, այն է` անհատի գիտակցության մեջ արթուն պահել որոշակի պատմական իրողությունների հետ կապը: Դա, իր հերթին, ենթագիտակցական հաղորդությունն է ստեղծում անցյալի և ներկայի միջև` վերապրեցնելով և ծառայեցնելով այդ ամենը ապագայի կերտմանը` հարազատ և նույնաշունչ: Այդ տոները նաև առաքելություն են ստանձնում որոշակի հոգևոր արժեհամակարգի համեմատ սրբագրելու ու բյուրեղացնելու հասարակության բարոյական վիճակը:
Մեր ժողովուրդը, որ իր գոյության ընթացքում` թե´ ազատության պայմաններում և թե´ օտարների լծի ներքո, միշտ մնացել է կրողը քրիստոնեական մշակույթի` ազգայնացված և համեմված նաև նախաքրիստոնեական շրջանի որոշ ավանդույթներով ու սովորություններով: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանության` քրիստոնեական վարդապետության փրկաբանական ողջ զորությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության խորհուրդն է բովանդակում. «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, ի զուր է մեր քարոզությունը, ի զուր է և ձեր հավատը. և տակավին նույն մեղքերի մեջ եք» (Ա Կորնթ. 15.13-14):
Հարությամբ է իմաստ ստանում քրիստոնյայի կյանքը` խարսխված Տիրոջ պատվիրանների վրա, որովհետև Աստծու Որդու` Խաչի վրա մեր մեղքերի համար մահվամբ և հրաշափառ Հարությամբ, մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ: Հարության հույսով գոտեպնդված` դարերի ընթացքում իրեն բաժին ընկած փորձությունները հաղթականորեն վերապրել է նաև հայ ժողովուրդը:
Եկեղեցական օրացույցի ողջ տարին կենտրոնանում է Հարության տոնի շուրջը և պայմանավորվում Հիսուս Քրիստոսի փրկչական առաքելությամբ, որին փարվողները պիտի հայտնվեն Տիրոջ մոտ` երկնքի արքայության մեջ: Քրիստոնյայի այս անդրանցական հոգևոր ճամփորդությունը տարվա մեջ ունի իր հստակ հանգրվան-պարտականությունները, որոնց կատարումով է նա զորանում իր հավատի մեջ և շնորհ ու ողորմություն գտնում Աստծուց: Հանգրվաններից մեկն էլ հենց Մեծ պահքն է, երբ Բուն Բարեկենդանից մինչև Ծաղկազարդ` Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, քառասնօրյա շրջանը քրիստոնյան աղոթքով ու պահեցողությամբ պատրաստվում է հանդիպման, ողջագուրման Տիրոջ հետ:
Առաքյալի խոսքի համաձայն` ինչպես Ադամով բոլորս մեռանք, նույնպես Քրիստոսով պիտի կենդանանանք` յուրաքանչյուրս մեր հերթին (տե´ս Ա Կորնթ. 15.22-23)` կործանելով վերջին թշնամուն` մահվանը: Այս հավատով պիտի ընդառաջ ելնենք Փեսային և հաջորդ` Ավագ շաբաթվա յոթ օրերը քայլելով Տիրոջ հետ միասին` պայծառանանք Նրա Սբ Հարությամբ և հաղորդ դառնանք Տիրոջ փրկչական Մարմնին և Արյան:
Մեծ պահքի մեր այս ճամփորդության մեջ, երբ ավելի ու ավելի մոտենում ենք Սբ Հարության տոնին, ավելի մեծ փութաջանությամբ հեռու վանենք մեզանից վայելքներն ու գայթակղությունները, ապրենք ինքնամփոփման, խաղաղության, զղջման և ապաշխարության մի շրջան:
Սա է, որ առաջնորդում է մեզ` քրիստոնյաներիս, աստվածանմանության և ներքին ներդաշնակության, որպեսզի լինենք «կատարյալ, ինչպես մեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48):