Newsline.am-ը գրում է․
ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Թունիսում տեղի ունեցած հարձակումների մեջ մեղադրում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Reuters-ին, տեղեկացնում է, որ Մոգերինին ասել է.«Ինչպես ցույց է տալիս այսօրվա` Թունիսի շրջափակումը, «Իսլամական պետություն» խմբավորման գործողությունները կրկին ուղղված են միջերկրածովյան տարածաշրջանի երկրների և ժողովուրդների դեմ: ԵՄ-ն նպատակ ունի մոբիլիզացնել իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները և լիարժեք աջակցություն ցուցաբերել Թունիսին` ահաբեկչության դեմ պայքարելու և անվտանգության ոլորտը բարելավելու համար»:
Վերջին տվյալների համաձայն` Թունիսում զինյալների հարձակման հետևանքով 22 մարդ է մահացել: Ավելի քան 50 մարդ վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Հաբիբ էս-Սիդը, սպանվածների թվում կան Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Իսպանիայի քաղաքացիներ:
Նշենք, որ Թունիսի խորհրդարանի հարևանությամբ գտնվող «Բարդո» թանգարանում զինյալները հարձակում են գործել զբոսաշրջիկների վրա: Իրավապահների հատուկ գործողությունների ժամանակ սպանվել է երկու զինյալ: :
Թունիսի «Mozaik FM» ռադիոկայանի տեղեկացմամբ՝ երեք զինյալներ կրակ են բացել զբոսաշրջիկների ուղղությամբ, երբ նրանք իջել են ավտոբուսից: Բացի այդ, զինյալները թանգարանում պատանդ են վերցրել 40 հոգու, որոնց թվում կան իսպանացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ և անգլիացիներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ զինված անձինք հարձակում են գործել Թունիսի խորհրդարանի շենքի վրա և հրաձգություն սկսել: