1in.am-ը գրում է.
Թուրքիային մատակարարվող ռուսական գազի զեղչի վերաբերյալ համաձայնություն ձեռք է բերվել, բայց դեռ չի ստորագրվել: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը Անկարայում Turoge-2015 նավթագազային կոնֆերանսի ժամանակ:
«Բոլոր խոսակցությունները, որ խնդիրներ կան ռուս գործընկերների հետ բանակցություններում, անհիմն են: Ես արդեն հայտարարել եմ 10,25% զեղչի ձեռքբերման մասին: Դա նշանակում է, որ դա այդպես էլ կա, քանի որ ես տեղեկության պաշտոնական աղբյուր եմ ներկայացնում: Զեղչի վերաբերյալ փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել, բայց դրանք արդեն տեխնիկական մանրամասներ են: Կարևորը՝ մենք պայմանավորվել ենք, իսկ ստորագրությունները հետո կլինեն»,- ասել է Յըլդըզը:
Մարտի 18-ին «Կոմերսանտը», հղում անելով թուրքական աղբյուրներին, գրեց, որ զեղչի վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել: Հաղորդվում է, որ «Գազպրոմն» ուզում է պայմանագրային գին կիրառել, թուրքական Botas-ը՝ բազային: Թերթի տեղեկությամբ՝ այդ վեճերը կասկածի տակ են դնում նաև Մոսկվայի և Անկարայի միջև «Թուրքական հոսքի» շինարարության մասին ավելի մասշտաբային քաղաքական պայմանավորվածությունների կատարումը՝ Թուրքիան ձգձգում է այն սկսելու թույլտվության տրամադրումը: Ըստ փորձագետների՝ Անկարան գազատարի գործոնն օգտագործում է լիրայի արժեզրկումից տուժած տեղացի ներկրողների դրությունը թեթևացնելու համար:
Փետրվարի 27-ին Յըլդըզը նշել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բարդ և երկարատև բանակցությունները վերջացել են «Գազպրոմի» կողմից 10,25% զեղչի տրամադրման մասին պայմանավորվածությամբ: Միևնույն ժամանակ, «Գազպրոմը»հաստատել է միայն պայմանավորվածության փաստը, բայց չի նշել զեղչի չափը:
2014 թ. դեկտեմբերի 1-ին «Գազպրոմը» և թուրքական «Բոթաշ» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ռուսաստանից Թուրքիա Սև ծովով գազատարի կառուցման վերաբերյալ: Գազատարի հզորությունը կլինի 63 մլրդ խմ, որից մոտ 50 մլրդ խմ-ը կփոխադրվի նոր գազային հանգույց թուրք-հունական սահմանին: