Ուղեղի հիվանդությունների բուժման ժամանակ մասնագետները բախվում են կենտրոնական նյարդային համակարգի ու արյունատար համակարգի միջև ֆիզիոլոգիական՝ հեմատոէնցեֆալ շեմը հաղթահարելու խնդրի առաջ, որով դեղորայքը չի կարող անցնել։ Ուղեղի արյունատար անոթների պատերն անհաղթահարելի խոչընդոտ են հանդիսանում ամենատարբեր պաթոգեն ու թունավոր նյութերի համար, ավելին՝ նույնիսկ իմունային հյուսվածքներն ու սպիտակուցները չեն կարող թափանցել հեմատոէնցեֆալ այս շեմով։ Այս շեմի շնորհիվ, որով միայն պարզ սնուցող նյութերն ու նյութափոխանակության արդյունքում առաջացած մասնիկներն են անցնում, ուղեղն իրեն կատարյալ պաշտպանված է զգում արտաքին միջավայրից: Ինչևէ որոշ հիվադություներ, ինչպես օրինակ քաղցկեղը կամ Ալցհեյմերի սինդրոմը, առաջանում են ոչ թե արտաքին պաթոգեններից, այլ ավելի հաճախ նրանից, որ ուղեղում ինչ-որ բան սկսում է սխալ ընթանալ:

Ուղեղի արյունատար անոթ
Մոտ 10 տարի առաջ Տորոնտոյի Սանիբրուկ հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Կուլերվո Հինհինեն մի մեթոդ առաջարկեց, որը կարող էր կարճ ժամանակով որոշակիորեն բացել հեմատոէնցեֆալ շեմը՝ ուղեղը հասանելի դարձնելով իմունային սպիտակուցների ու դեղորայքի համար: Մեթոդը կարելի է անվանել պղպջակաուլտրաձայնային. արյան մեջ ներարկվող միկրոսկոպիկ պղպջակներրը թույլ ուլտրաձայների ներգործության արդյունքում պետք է անցնեին շեմային բջիջների ամուր միաբջջային կապերի միջով:

Ենթադրվում էր, որ հեմատոէնցեֆալ շեմի կարճաժամկետ բացվածքը կարող է գոնե մասնակի ճնշել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Բետա-ամիլոիդ պեպտիդը, որը կործանում է նյարդային բջիջները, պետք է կործանվի միկրոգլիային բջիջների կողմից, սակայն Ալցհեյմերի սինդրոմի դեպքում, երբ բետա-ամիլոիդները շատանում են, միկրոգլիային բջիջները դադարում են արդյունավետորեն աշխատել: Սակայն ուլտրաձայների գործածությունից հետո, ինչպես ցույց են տվել գիտափորձերը, միկրոգլիան սկում է ավելի արագ ներքաշել բացասական պեպտիդները, բացի այդ՝ ալցհեյմերանման ախտանիշներով կենդանիների մոտ նկատվել է կոգնիտիվ կարողությունների բարելավում, օր.՝ կենդանին սկսել է ավելի լավ կողմնորոշվել տեղանքում: Ինչպես երևում է պատճառն այն է, որ հեմատոէնցեֆալ շեմն անցած հակամարմինները խթանում են գլիային բջիջների աշխատանքը:
Գիտափորձի ենթարկված մկներին մի քանի շաբաթ անց հետազոտելուց հետո հայտնաբերել են, որ ուլտրաձայների միջոցով ներարկված միկրոպղպջակներն ամբողջովին վերականգնել են կենդանիների հիշողությունը: Ինչևէ, մինչև մարդկանց վրա այս մեթոդի կիրառումը գիտնականները պետք է ավելի խոշոր կենդանիների վրա հետազոտություններ անցկացնեն. այժմ գիտափորձեր են անցկացնում ճագարների և ոչխարների վրա, իսկ հետագայում նաև կապիկների, որից հետո կարելի է հույս ունենալ, որ այս մեթոդի շնորհիվ հնարավոր կլինի բուժել մարդկանց մոտ հայտաբերված այնպիսի խանգարումներ, ինչպիսին ուղեղի քաղցկեղն ու Ալցհեյմերի հիվանդությունն է:



