IMG_6694 copy

Երևանում անձրևը շատ կամ անտեղի չի լինում. գարուն է, ու անձրև, ի՞նչ կա նեղվելու: Ուրախացեք կամ ցնծացեք… Ոչինչ, որ այս խոնավությունը ստուգատես եղավ իմ օստեոխոնդրոզային վիճակի համար՝ իր գործն արեց ողջ գիշեր… Դավիթն ու ես տանն ենք, Արմինեն՝  գործի։
- Տիար ջան, իմ ու քո աշխատանքը մի՛ համեմատի. որ ես մի ժամ բացակայում եմ, նախ իմ դուստր-անմիջական ղեկավար-ընկեր Բլեյանը խառնվում է իրար։ Հետո բա 85 սովորողնե՜րս, նրանց ծնողնե՜րը… Դու որ այսօր չգաս գործի, ո՞վ կտխրի, միայն ուրախություն… Հա՛, կանհանգստանան քո առողջության համար, բայց… կհանգստանանք… Մի՛ լարվիր, թող՝ մեզ համար, մեր քեֆին ապրենք, ի՞նչ ես ուզում մեր հոգնած ջաներից,- ու այսպես մի քանի անգամ, 10-15 րոպե տևողությամբ, չթուլացող պաթոսով… Օրագիրս իր ուղիղ եթեր ռադիոն կունենա, Արմի՛ն աղջիկ, էսպես չի մնա…

Դավիթը քնել է անմռունչ. հիմա մեր ննջարանում է, մեր մահճակալին. տեսարան է, այսքա՜ն խաղաղություն, հաստատունություն…

60 տարեկանը, սիրելիներս, խաղ ու պար չէ, որքան էլ որ իմ լավագույն գործերը՝ «Գործք առաքելոցը» դեռ առջևում են:

Ուրախ եմ Մարի Գաբանյանի և Մերի Թելունցի համար. «Տիգրան Հայրապետյան» 2015-ի արժանի մրցանակակիրներն ինչ էլ նման են… ինչպես ասում են՝ գտեք մեկ տարբերություն… Հայաստանում նպատակասլաց, բարեխիղճ, իրենց ուսումնական-աշխատանքային պարտականություններում խանդավառ մարդկանց մշտապես օգտակար լինելու և ուսումնասիրության սահմանները չճանաչելու առումով… Հալալ է ձեզ, Թելունցներ ու Գաբանյան-Բաբայաններ (չեք մոռացել, չէ՞, Մարի Գաբանյանը սեբաստացիներ Ալվինա, Արտյոմ, Արմինե և Արևիկ Բաբայանների մայրիկն է՝ սեբաստացիկներ Մարիա, Մոնիկա, Միլենա Բաբայանների և Ալեքս Ավագյանի ամենատատիկը, իսկ Թելունցներից Էրիկը 8-րդ դասարանցի իր շողակնցիների հետ հավակնում է 2016-ի բոլոր մրցանակներին…)։ Այսպիսի թափ՝ կեցցե՛ք:

Հեշտ չէր Արամ Կարապետյանի համար, և՛ լսարանն էր բազմաշերտ, և՛ թեման՝ Գրիգոր Ջանշյանի «Եղբայրական օգնություն հայերին» գիրքը, եզակի… Ի պատիվ մեր գործընկերոջ, պետք է ասել, որ նա ցուցաբերեց նյութին ազատ-ամբողջապես տիրապետելու և լսարանի հետ համով-հոտով ամենակարևոր բաների մասին խոսելու անուրանալի ձիրք:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել