Ընթերցվածք` Ելք 4.1-21, Հով. 3.9-21
«Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կույրին: Մի՞թե ոչ ես` Աստուածս: Արդ, գնա´, ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պետք է ասել»» (Ելք 4.11-12): Այս տերունական պատգամը կարևոր մի գործոն է, զորավոր գործիք յուրաքանչյուր հավատացյալի ձեռքին:
Այս առնչությամբ կարող ենք հիշել նաև Քրիստոսի հետևյալ խոսքը. «Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծու հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կուրանա, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացվի» (Ղուկ. 12.8-9):
Մովսեսի մտահոգությունն էր, որ իրեն չպիտի հավատան: Առաքյալների մտավախությունն էր, թե ինչպես պետք է վարվեն, երբ իրենց ատյանների առջև կանգնեցնեն: Սակայն Տերը, հաստատելով, որ Ինքն է Արարիչն ամեն ինչի, հորդորեց նրանց վստահել Իրեն և համարձակ դավանել Բարձրյալին:
Երբ մենք դավանում ենք, խոստովանում ենք, վկայում ենք մեր Տիրոջը, ապա մեզ անելանելի թվացող ինչ իրավիճակում էլ որ հայտնվենք, Նա մեզ տալիս է իմաստնաբար վարվելու և Ճշմարտությունը վկայելու կարողությունը: Հիշենք Տիրոջ խոսքը, թե չպետք է զարհուրենք մարմինները սպանողներից, որովհետև ավելին չեն կարող անել, այլ պետք է վախենանք Նրանից, Ով դրանից հետո գեհեն նետելու իշխանություն ունի:
Հետևաբար, աներկյուղ ապրենք մեր կյանքը: Եթե Աստված առկա է մեր կյանքում, վստահ լինենք, որ դժվարին պահերին, երբ բանանք մեր բերանը, Նա կսովորեցնի, թե ինչ պետք է խոսել: Հիշենք, որ ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով Նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է (տե´ս Հովհ. 3.18): Եվ վայ մեզ, եթե մենք` Քրիստոսից կանչվածներս, մարդկանց առջև ուրանանք Նրան: