Tert.am–ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություն վարելը նման է Ադոլֆ Հիտլերի ձեռքը սեղմելուն: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն` Reuters-ին հղումով:
«Ոչ մի տարբերություն չկա Ասադի, Հիտլերի, Սադամի, Կարաջիչի կամ Միլոշևիչի ձեռքը սեղմելու մեջ», - ասել է Դավութօղլուն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 15-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է մասնակցի Ասադի հետ բանակցություններին: Ավելի ուշ ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունից հայտնել են, որ Քերին նկատի չի ունեցել անմիջականորեն Ասադի հետ բանակցելը:
Թուրքիան ակտիվորեն աջակցում է Սիրիայի ընդդիմությանը և ջանում է իշխանությունից հեռացնել Ասադին: Նման դիրքորոշում ունի նաև ԱՄՆ-ն: Անկարան և Վաշինգտոնը փետրվարին համաձայնագիր են ստորագրել սիրիացի ամստամբներին վերապատրաստելու և սպառազինում տրամադրելու համատեղ գործողությունների մասին: ԱՄՆ-ն մտադիր է շուրջ 400 զինծառայող ուղարկել Սիրիա` ընդդիմության զինյալներին վերապատրատելու համար:



