Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Բ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 1991 թվականին ծնված Գևորգը 2012 թվականին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Լոռու մարզի գյուղերից մեկի անչափահաս բնակչուհի՝ 2000 թվականի մայիսի 2-ին ծնված, 12-ամյա Օլյայի (անունը փոխված է) հետ: Շուրջ երկու տարի նրանք շփվել են համացանցում, համակրել են իրար և որոշել են ամուսնանալ: 2014 թվականի հունիսի 22-ին 14-ամյա Օլյան ընտանիքի անդամներից գաղտնի Գևորգի հետ ամուսնանալու նպատակով հեռացել է իրենց տնից: Փոխադարձ համաձայնությամբ Գևորգն ու տասնչորսամյա աղջիկը բնակություն են հաստատել Գևորգի բնակարանում, ապրել են նրա ընտանիքի անդամների հետ: Փոխադարձ համաձայնությամբ անչափահաս՝ տասնչորսամյա աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու համար չափահաս Գևորգը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալն ու տուժողը համատեղ կյանք են վարում: Տուժող աղջկա օրինական ներկայացուցիչը՝ մայրը, խնդրել է ամբաստանյալի նկատմամբ մեղմ վարվել: Գևորգ Բ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար, դատապարտվել է 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:
1in.am-ը գրում է․
Դատարանում Գևորգն իրեն մեղավոր է ճանաչել: Գործը քննվել է արագացված կարգով: