Օրեցօր վատթարացող սոցիալական պայմաններում ակնհայտ է, որ երկրում գնալով ավելի է մեծանում աղքատությունը։ Հետևանքն էլ այն է, որ, օրինակ, փողոցներում հետզհետե ավելի շատ են հանդիպում անօթևաններ, կարիքավոր ու աղքատ մարդիկ, որոնք օգնության կարիք ունեն։
«Մի բանով օգնեք» ասողների մեջ կան առողջ, ոչ տարեց անձինք, որոնք չեն էլ պայքարում աշխատանք գտնելու և սեփական քրտինքով գումար վաստակելու համար, նրանք պարզապես հարմարվել են այդ ապրելակերպին, և դա նրանց դուր է գալիս։ Ինքս ճանաչում եմ 40-50 տարեկան մի քանի կանանց, որոնք գերադասում են փող մուրալ, քան 50 հազար դրամով հավաքարարություն անել։ Ես գիտեմ՝ 50 հազար դրամը խայտառակ քիչ գումար է, բայց ոչինչ չէ, գոնե ինչ-որ մի բան է։
Բայց ինձ իրավունք չէի վերապահի խոսել այս մասին, ինչ-որ բան պահանջել, եթե «հեշտ»-ին ոչ ասող մարդկանց չհանդիպեի։ Կենցաղային ապրանքների որոշ մասը խանութներից չենք գնում։ Բանն այն է, որ մի տղամարդ տնետուն շրջում և վաճառում է մեզ անհրաժեշտ տարբեր պարագաներ։ Հիսունին մոտ այդ տղամարդը հաշմանդամ է, թե´ ոտքերի, և թե´ ձեռքերի հետ կապված առողջական խնդիրներ ունի, սակայն սեփական քրտինքով, արժանապատիվ կերպով գումար վաստակելու համար չի խնայում իրեն, ծանր-ծանր բեռն ուսին՝ մի քանի կոպեկի համար ԱՇԽԱՏՈւՄ է ամբողջ օրը։ Ես 25 տարեկան, գրեթե առողջ երիտասարդ եմ, բայց վստահ չեմ, որ կկարողանայի այդքան ծանր բեռն ուսիս մի քանի մետր քայլել։
Եղբա´յր, ուզում եմ ասել, որ հարգում եմ քեզ, բոլորն են քեզ հարգում, փառք ու պատիվ քեզ։