Music: Julian Plenti -‎ Fly As You Might

Խոսիր, ես լսում եմ քեզ։
Լսում եմ վախերիս եւ տագնապներիս արանքով, լսում եմ անհաջողություններիս, դժվարություններիս եւ հիասթափություններիս միջով, ցանկություններիս եւ ակնկալիքներիս արձագանքով, լսում եմ այն, ինչն ինձ բավականություն է պատճառում, լսում եմ այն, ինչ ցանկանում եմ լսել։ Լսում եմ քեզ, հատկապես երբ քո ասածում ինձ արդարացնող մի բան եմ գտնում։ Երբ ուրիշներին մեղադրելու լավ առիթ ես տալիս։ Երբ գալիս ենք այն եզրահանգումներին, որոնց ամեն մեկս մեր հերթին եկել էինք դեռ շատ վաղուց. այս զրույցը սկսելուց առաջ երկուսս էլ գիտեինք, թե ինչով է այն ավարտվելու։
Չէ…իրականում ես քեզ ընդհանրապես չեմ լսում։ Այս խոսակցությունն անիմաստ է, քանի որ մենք ամեն բան մեզ հարմար տարբերակով ենք մեկնաբանում։
Մենք լսում ենք սրտացավ.. մենք լսում ենք մտերմաբար.. մենք երբեք չենք լսում ուղղակի.. մենք լսում ենք, քանի որ խոսողը հենց մենք են։ Ձայնն է ուրիշ։ Հակառակ դեպքում մենք ընդդիմանում ենք, հակաճառում, չենք թողնում միտքը հասցնեն ավարտին։ Եթե նույնիսկ թողնում ենք, ապա անպայման ասվածի մասին մի շատ դիպուկ նկատողություն անելու նպատակով։ Մենք չենք լսում, որ հասկանանք..մենք լսում ենք, որ արդեն իսկ հասկացած բաներում համոզվենք։

Բայց դու մի քաշվիր, խոսիր, ես կփորձեմ լսել քեզ։
Կլսեմ, քանի որ հիմա ես դատարկ եմ։ Հիմա ես չունեմ համոզմունքներ, չունեմ ընկերներ, ծնողներ եւ հարեւաններ։ Հիմա ես չունեմ աշխատանք, չունեմ նախասիրություններ, զուրկ եմ ամեն տեսակ քաղաքական հայացքներից, չեմ պատկանում որեւէ կրոնական ուղղության, չունեմ արժեքներ՝ հատկապես ազգային եւ բարոյական։ Լսում եմ քեզ, քանի որ այդպիսի դեպք ինձ հետ դեռ չի պատահել, ծանոթս այդ մարդուն երբեք չի ճանաչել եւ նրա մասին իր կարծիքն ինձ չի հայտնել, լսում եմ, քանի որ համարժեք մի դժբախտություն չեմ ունեցել, իմ իսկ ձախողման մասին պատմություն չեմ կարող ներկայացնել, լսում եմ, քանի որ քեզ հետ համաձայն չեմ կարող լինել, քանի որ ասածիդ մասին առհասարակ որեւէ կարծիք չունեմ։
Չունեմ փորձ, տեղեկություն, գրքից վերցված տեսակետ։ Չունեմ ազգային գաղափարներ, մարդկային հատկանիշներ՝ ոչ լավ, ոչ վատ, չունեմ կարոտ, չունեմ սեր, չունեմ խիղճ եւ ամոթ։ Լսում եմ, քանի որ չեմ կարող ասել, որ հասկանում եմ քեզ։ Իրականում ես քեզ չեմ հասկանում։ Ես լսում եմ քեզ, քանի որ ուղղակի այդպես է դասավորվել։ Ես նստել եմ այստեղ, դու ինչ-ինչ պատճառներով՝ կողքիս։ Հիմա ես կլռեմ, եւ դու կսկսես խոսել․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել