Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա հյուրը ասմունքող-հանդիսավար Լիանա Զուրաբյանն է, ում պահվածքն այս օրերին դարձել է ամենաքննարկվող ու թեժ թեման:
-Լիանա, մասնագիտությամբ բանասե՞ր եք:
-Այո
-Ձեզ շատերը հիշում են «Արձագանք» ռադիոկայանի եթերից: Ե՞րբ որոշեցիք բեմ բարձրանալ:
-Ես չեմ որոշում, գործունեությունն ինքնըստինքյան ծավալվում է ու շրջանակները մեծանում: Որոշումները մեր ձեռքում չեն, ամեն ինչ վերևից է գալիս: Նշանակում է, ամեն ինչ այսպես պետք է լիներ:
-Դուք այսօր զբաղվում եք նաև թամադայի գործունեությամբ: Մի տեսակ միմյանց հետ չեն խոսում թամադան ու ասմունքողը, համաձայն չե՞ք:
-Ձեր կարծիքը շատ սխալ է: Ինչպես նշեցիք, ես բանասիրական կրթություն ունեմ: Բան, նշանակում է խոսք, իսկ խոսք ասողը պետք է լինի բանիմաց, խոսքաշեն: Ես թամադա բառն այնքան էլ չեմ ընդունում, ճիշտ տարբերակը հանդիսավարն է:
-Ի՞նչ տարբերություն:
-Տարբերությունը մեծ է: Թամադաները եղել են մարդիկ, ովքեր չեն վճարվել: Ազգի մեծն է եղել, բանիմաց, խոսքաշեն մարդ, ում նշանակել են թամադա: Եվ այդ մարդն անվճար ղեկավարել է տվյալ հանդիսությունը: Բայց արդեն 15 տարի է` գործում են վճարովի հանդիսավարներ, ովքեր ստանձնում են այդ պրոցեսն ու վարում նմանատիպ առիթները: Այդ մարդիկ թամադաներ չեն կարող կոչվել, կոչվում են հանդիսավարներ: Ձեր կարծիքով հանդիսությունը պետք է վարի մատուցո՞ղը, երաժի՞շտը, թե՞ պարզապես երկու խոսք իմացողը: Հանդիսավարությունը խոսք է, գեղեցիկ վարելու իմացություն: Մարդը նախ պետք է ունենա բառերի մեծ պաշար: Կենաց ասելը մաղթանք է, որի համար նորից բառերի մեծ պաշար է պետք: Չէ՞ որ դու մարդու գովքն ես անում: Յուրաքանչյուր մարդու ականջները շոյվում են, երբ իրեն գովում են: Օրինակ, կարող եմ քեզ հիմա այնքան գովել, որ վերցնես գինով լի գավաթ ու խմես իմ կենացը:
.jpg)
-Լիանա, երբ ասացի, որ միմյանց հետ անհամահունչ են բեմն ու ռեստորանը, նկատի ունեի, որ մի կողմից գրական ստեղծագործություններ եք ներկայացնում մշակութասեր հասարակությանը, իսկ մյուս կողմից «խորովածային» տրամադրություն եք ապահովում խնջույքներին:
-Երկու կողմում էլ ժողովուրդ են: Ի՞նչ է, մեր ժողովրդական, վաստակավոր շատ երգիչ-երգչուհիներ չե՞ն երգում հարսանիքներին ու կնունքներին: Բոլոր արտիստներն են երգում: Ամեն մարդ յուրովի է վաստակում իր գումարը: Մեր ժողովուրդն արժանի է, որ իր առիթները գրագետ կազմակերպվեն, գեղեցիկ խոսքով: Նույն ժողովուրդը գալիս է համերգասրահ ու ծափահարում քեզ, միթե՞ նրանցից յուրաքանչյուրն արժանի չէ, որ իր առիթը գրագետ ու գեղեցիկ անցկացվի:
-Որքան նկատում եմ, տաքարյուն եք ու բռնկուն: Դա՞ է պատճառը, որ, երբեմն, մեղադրվում եք եթերում ոչ ճիշտ պահվածքի համար:
-Ես ունեմ շատ նուրբ զգացողություն և մարդկանց շատ շուտ եմ զգում: Երբ լինում եմ եթերում, կամ թեկուզ հիմա՝ Ձեզ հետ զրուցելիս, անմիջապես զգում եմ, և միանգամից վերցնում եմ պաշտպանիչ վահան. ոչ թե բռնկվում եմ, այլ փոխարենը ես խոսում ու թույլ չեմ տալիս դուք կամ նրանք իրենց թունոտ խոսքն ասեն:
-Վատ է, որ բոլորին նույն «արշինով» եք չափում ու նման ձևակերպում տալիս:
-Դե, հուսով եմ Ձեր նյութն ինձ կգոհացնի: Բոլորն ասեցին, որ կգոհանամ, բայց այդպես էլ ոչ-ոք ինձ չգոհացրեց:
-Միգուցե պատճառը Ձեր խո՞սքն է: Չէ՞ որ մենք գրում ենք այն, ինչ դուք եք ասում:
-Պատճառն իմ խոսքը չի, այլ այն, թե լրագրողներն ինչպես են լուսաբանում: Իմ զգայարանները շատ նուրբ են, դա ի ծնե է ինձ տրված: Զգում եմ, որ մարդիկ սկսում են ինտրիգային իրավիճակ ստեղծել: Ես շատ մարդասեր մարդ եմ, սիրում եմ մարդկանց, բայց զգում եմ, թե ով ինչ է շնչում և իմ շուրջը միայն լավ մարդկանց եմ հավաքում:
-Հանրության կողմից քիչ թե շատ ճանաչված մարդիկ միշտ էլ խոսակցություններիէպիկենտրոնում են լինում: Որքան հասկանում եմ, դուք սովոր չեք նման իրավիճակին ուդժվարությամբ եք հաղթահարում
-Չեմ սիրում բացասական աուրա: Կոնկրետ հիմա ես հրաժարվել եմ բոլոր ցանցերից, մեր օգնականն է զբաղվում դրանով: Ոչ կարդում եմ, ոչ հետաքրքրվում: Զբաղվում եմ միայն իմ գործով՝ արարում եմ, գրում եմ: Լսելուց նախընտրում եմ միայն լավը լսել, այն ապրեցնում է: Վատը չարինն է, որը մեզ պետք չէ: Ամեն մարդ ինքն է իր նկարագիրը տալիս. «ով ինչ անի, իրեն կանի»: Կյանքը բումերանգ է, ինչ տաս, այն էլ կստանաս: Եթե մարդիկ ունենան հասկացողություն ու ճիշտ միտք, ապա միայն բարին կցանեն, որ բարիք ստանան:

-Ներողամի՞տ եք Ձեր նկատմամբ «սխալված» մարդկանց հանդեպ:
-Ասեմ ավելին՝ մարդը կարող է սխալ լինել ու իր սխալն առաջ տանել, երկուսս էլ դա հասկանանք, բայց ես առաջինը խոսեմ, շփվեմ: Ես չեմ կարող մեջս բացասական էմոցիաներ պահել մի մարդու նկատմամբ, ում հետ աշխատում կամ մարզվում ենք նույն վայրում (ես լողորդ եմ): Այո, եղել են վիճաբանություններ, պատահել է՝ դիմացինս քեն է պահել: Այդուամենայնիվ, իմանալով հանդերձ, որ ճիշտը ես եմ, առաջինն ինքս եմ խոսել, որպեսզի անցնի բացասականը:
-Ովքե՞ր են Ձեր ընտանիքի անդամները:
-Մայրս մանկագիր է, մանկավարժ: Քույրս նույնպես հանդիսավար է: Նաև եղբայր ունեմ, ով այս պահին քաղաքում չէ: Ունի ընտանիք, սիրելի կին ու երեխա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



