Հայկական ֆիլմերը լցվում են երգիչ-երգչուհիներով ու մոդելներով, ինչի արդյունքում տուժում են դերասանները։
Սոնա Շահգելդյանը հայտարարել է, որ պատրաստվում է հանդես գալ որպես դերասանուհի, նկարահանվել ինչ-որ ֆիլմում: Այս տեղեկատվության մեջ կա և’ լավ, և’ վատ կողմ: Լավն այն է, որ ֆիլմը, բարեբախտաբար, ռուսական ֆիլմ չէ, այլապես Սոնայի փոխարեն երևի պետք է խոսեր որևէ ռուս դերասան:
Իսկ վատն այն է, որ ՀՀ շոու բիզնեսում համատարած տոտալ դերասանացում է նկատվում, և սա այն պարագայում, երբ հայկական ֆիլմերն ու հատկապես սերիալները, մեղմ ասած, այնքան էլ աչքի չեն ընկնում դերասական հմուտ և կատարյալ խաղով: Ապացույցը՝ դրանց արձագանքները սոցցանցերում և այլուր:
Իսկ պատճառն այն է, որ ռեժիսորները կամ պրոդյուսերները վազում են այնպիսի մարդկանց հետևից, ովքեր քիչ թե շատ «ռասկրուտկա» են եղել այլ, դերասանության հետ ոչ մի կապ չունեցող ոլորտներում, մասնավորապես, երգի, նորաձևության և այլն, և հրավիրում նրանց նկարահանվել ֆիլմերում՝ ֆիլմին ավելորդ աղմուկ և ճանաչողություն հաղորդելու համար:
Արդյունքում, լցնելով ֆիլմերն ու սերիալները երգիչ-երգչուհիներով ու մոդելներով, տուժում է դերասանական արվեստն ու մասնագիտությունը ողջ Հայաստանում, երբ կան տաղանդավոր երիտասարդ դերասաններ, որոնք հենց միայն այս պատճառով չեն կարողանում ընդհանրապես ճանաչում ձեռք բերել:
Սոնա Շահգելդյանի՝ որպես երգչուհու հանդեպ ոչ մի բացասական բան չեմ կարող ասել. ավելին, նրա հզոր ձայնն ու երգի կատարման արվեստն արժանի են միայն ամենաբարձր գնահատանքի, բայց թե ինչո՞ւ և ո՞ւմ մտքով հանկարծ անցավ Սոնային հրավիրել նկարահանվելու որևէ ֆիլմում որպես դերասանուհի, մնում է գուշակել: Սոնան, բնականաբար, սիրով համաձայնվել է և լավ էլ արել է. եթե կա պահանջարկ, ապա առաջարկ միշտ էլ լինելու է։ Բայց…
Կարծում եմ՝ բանը հասնելու է նրան, որ մոտ ապագայում ֆիլմերում սկսելու են նկարահանվել հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, պատգամավորներ և այլն: Ինչու չէ. մի հատ պատկերացրեք, օրինակ, որևէ ֆիլմում խաղալիս, ասենք, Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջանին, Տիգրան Ուրիխանյանին և այլոց: Կարծում եմ՝ ֆիլմի հաջողությունն իսկապես ապահովված է կանխավ։ Ֆիլմն այնպիսի դիտում կունենա, որ անհնար է նույնիսկ կանխատեսել։ Իսկ պրոդյուսներները թող հիմիկվանից գործի անցնեն։ Ինչո՞վ են պակաս վերոնշյալ և այլ հայտնի գործիչները Սոնա Շահգելդյանից: