<<Եթե միայն նա իմանար . . .>> (հատված կյանքի հատվածից) ( մաս 8 )
Գիտե՞ս ամեն անգամ գրելուց հետո ինձ ինչն է ամենաշատը ցավ պատճառում. որ դու կամ երանի ես տալիս <<նրան>> կամ էլ ասում, որ <<նա>> անազնիվ է ինձ հետ: Իսկ այդ <<նա>>-ն դու ես . . . Իսկ ես . . . իսկ ես ամեն դեպքում քեզ շնորհակալ եմ . . . շնորհակալ եմ ամեն ինչում քո ցանած իմաստի համար: Շատ բաների համար եմ շնորհակալ` այս ուժեղ և հանգիստ ցավի համար, այս պայծառ մշուշի, այս գունավոր թախիծի համար որ դու ես ներկել . . .
Բայց, գիտե՞ս, դու ինձ որոշ բաներից զրկել ես: Զրկել ես ինձ այսուհետ զարմանալու և հիանալու հնարավորությունից: Դե ասա՜ ես ինչի՞ց զարմանամ, երբ բնության մեջ այսքան մեծ բնություն եմ գտել, երբ հասկացածս ոչ մի լեզվով թարգմանել չեմ կարողանում, երբ ամեն օր նույն ծովում խեղդվում եմ և գիշերը անիծում եմ խավարը, որ լույսը բացվի ու կրկին այդ ծովը մտնեմ: Ախր ես ինչո՞վ հիանամ, երբ մի ծաղկից բոլոր ծաղիկների բույրն եմ առել, երբ գույներ եմ տեսել, որ անուններ չունեն, երբ հեռուներ եմ հասել աշխարհից դուրս, երբ տեսածս` աչքերը տեսնել չեն կարող . . . դե ասա՜ . . .
Սիրո պատճառած ցավը, աշխարհում միակ ցավն է, որ Մարդու մոտ հարց է առաջ բերում. ե՞րբ է մեզ համար ավելի ցավոտ ու տհաճ, երբ մեզ են ցավ պատճառում, թե երբ մենք ենք ցավ պատճառում: Երբ մենք անպատասխան սիրում ենք այդ ժամանակ կյանքը մեզ համար անարդար է, իրականությունը` ցավալի ու բախտը` սխալ, իսկ հենց սկսում ենք մենք էլ այդպես ցավացնել ուրիշին . . . կյանքը այդ ժամանակ անտանելի է դառնում և այդ ժամանակ ցավի դարակներն էլ են խառնվում և մեր հոգու խառնաշփոթը կատարյալ է դառնում:
Չէ՜ . . . անպատասխան սերը անարդար չէ և անարդար չէ մեր տառապանքը: Անարդար է երբ մենք տեսնում ենք միչև մեր դիմացի պատը . . . իսկ ամենաբարձր կետից աշխարհը չի երևում: Անարդար է, երբ մենք օգնում ենք նրան, ում համար իր ունեցածն էլ է շատ, իսկ կարիքավորին նույնիսկ խղճալ ենք ափսոսում: Անարդար է, երբ ընկեր ենք լինում օտարներին . . . իսկ Մարդիկ մենակության մեջ են մեռնում: Այս սա է անարդար: Իսկ սերը . . . թեկուզ անպատասխան` իր ծնունդով արդեն արդար է:
Ես չեմ ուզում իմ սերը բացել քո առաջ և ասել թե ինչպես եմ սիրում, որ տարիներ հետո ինքդ քեզ չմեղադրես ու չդատես քեզ քո ընտրության համար ու անիծես ինձ, որ հետևիցդ չեկա մինչև վերջ:
Ինձ համար ամեն ինչ էլ տանելի է և հասկանալի և դադարել եմ վախենալ վախերից . . . ուղղակի մի բանից եմ սարսափում. թեկուզ հավերժ ինձ համար անհասանելի մնաս, բայց դո՜ւ, գոնե դու իմ հորինածը չլինես . . . գոնե դու լինես իրական . . .
Սիրում եմ քեզ . . .
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=325295484235301&set=a.304584646306385.64497.100002645574961&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել