Tert.am–ը գրում է.
Վերջին մի քանի սեզոններին տղամարդկանց նորաձևության ամենավառ միտումը մորուքն է:
Սակայն բժիշկներն շտապում են հիասթափեցնել նորաոճ տղամարդկանց. նրանք հայտնում են, որ մորուքը ինքնին հիգիենիկ չէ:
The Daily Mail-ի փոխանցմամբ` բժիշկները մորուքը համեմատում են մանրէակիր սպունգի հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ մորուքի մեջ կարող են թաքնվել ու տարածվել հազարավոր մանրէներ:
Բրիտանացի մասնագետները ահազանգել են, որ հարուստ մազածածկույթի առկայությունը մեծացնում է մաշկային վարակների վտանգը, ինչպես նաև` ուրիշներին բակտերիալ ինֆեկցիայի փոխանցումը կամ պաթոգենների` բերանի խոռոչում հայտնվելու ռիսկը:
Ընդ որում` որքան ավելի խիտ է մորուքը, այնքան ավելի շատ մանրէներ ու կեղտ կա դրանում: Մանրէները տեղակայված են լինում մազաթեփերի արանքում: Իրենց մեջ մեծ թվով մանրէներ են պարունակում նաև քթանցքների և բերանի մոտի մազերը: Եթե մարդու ձեռքերը կեղտոտ են, ապա կեղտը հեշտորեն հայտնվում է նախ մորուքի վրա, ապա` բերանում:
Այն դեպքում, երբ մարդը հիվանդ է, գրիպ է տանում, մանրէներն անմիջապես հայտնում են մորուքին: Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ մորուքում ամենից հաճախ բազմանում է ստաֆիլոկոկը: Փորձագետները խորհուրդ են տալիս կանոնավոր կտրել և լվանալ դեմքի մազածածկույթը, չնայած դա ամբողջապես չի ազատում բակտերիաներից:



