pic_fa2146909d59bc05d735f9e7acfebde01in.am-ը գրում է.

Չինացի և ամերիկացի գիտնականների խումբը ներկայացրել է առաջին ուսումնասիրությունն այն մասին, թե ինչպես է սերը փոխում մարդու ուղեղը: Իրենց ուսումնասիրությունը գիտնականները հրապարակել են Frontiers in Human Neuroscience ամսագրում, որի մասին համառոտ գրում է The Telegraph-ը:

Ստեղծելով ուղեղի «սիրային քարտեզը»՝ նյարդաֆիզիոլոգներն օգտվել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայից: Այդ պատճառով էլ նրանք կամավորներ են հրավիրել, որոնց երեք խմբի են բաժանել՝ ուսումնասիրության պահին սիրահարվածներին, նրանց, ովքեր հենց նոր են բաժանվել իրենց սիրելիներից և միայնակներին, ովքեր վաղուց սիրային հարաբերություններ չեն ունեցել:

Մասնակիցներին խնդրել են ոչ մի բանի մասին չմտածել և սկանավորել են նրանց ուղեղները: Առաջին խմբի ներկայացուցիչների մոտ ավելի ակտիվ են աշխատել ուղեղի այն հատվածները, որոնք կապված են պարգևատրման, մոտիվացման և զգացմունքների կառավարման, ինչպես նաև սոցիալական գիտակցման հետ:

Նրանց մոտ, որոնց սիրային հարաբերություններն ընդհատվել են, այդ գոտիների ակտիվությունը նվազեցված է եղել: Պարզվել է նաև, որ միայն նրանց մոտ է աշխատել ուղեղի պոչավոր միջուկը: Նրանց ուղեղը, ովքեր այդ պահին սիրահարված չեն եղել, աչքի է ընկել պասիվությամբ:

Գիտնականների խոսքերով՝ նրանք առաջին անգամ ապացույցներ են ստացել այն մասին, թե ինչպես է սերն ազդում ուղեղի գործունեության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել