Panorama.am-ը գրում է.
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ մեկտեղ երկրի ղեկավարը լրացուցիչ խնդիր է առաջադրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ հայեցակարգի դրույթների կենսագործման հետ կապված կազմակերպել քննարկումներ քաղաքական կուսակցությունների հետ: Քննարկումների արդյունքների ամփոփումը հնարավորություն կտա բարելավել կամ լրացուցիչ մոտեցումներ մշակել: ՀՀ սահմանադրական բերփոխումների հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ լրագրողներին հայտարարեց ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները:
Գ. Հարությունյանն ասաց, որ այսօր կայացել է հանձնաժողովի նիստ, որի ժամանակ ընդունվել է մի հայտարարություն, որով հանձնաժողովը դիմում է քաղաքական բոլոր կուսակցություններին հանդես գալ իրենց նկատառումներով՝ հայեցակարգում առկա մոտեցումների կենսագործման վերաբերյալ:
«Այս պահին մեր ձեռքի տակ կա միայն ՀՅԴ ուղարկած նկատառումները: Հնարավոր է, այս ընթացքում լրացուցիչ նկատառումներ ունենան: Կհամաձայնեցնենք հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցը, իսկ մյուսների դեպքում սպասում ենք առաջարկությունների»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



