Մի երիտասարդ մարդ մորն ասում է. «Մամ ջան, մի քիչ ծերացել ես, տեսքդ էլ լավ չէ – արի կլինի տանը մնա, վրադ դուռը փակեմ, գնամ մի լավ մերացու գտնեմ՝ կաթը խմեմ, ինձ խնամի ու պահի: Դե մոր սիրտ է՝ չէ՜ չի ասում… Որդին դուռը վրան փակում գնում է, դժբախտ մայրը բացում է իր օժիտի սնդուկը, հանում թագուհու իր հագուստները, նայում է բաժինքի գանձերին, գոհարներին ու զմրուխտներին: Եվ աղի արցունքներն ընկնում են էս անթիվ գանձերի վրա: Ասում են՝ սպասում է, թե որդին գա, իրեն բանտից ազատի ու վայելի էդ անբավ հարստությունը:
Երեկվա գրությունս էս Մոր մասին է, որն է մեր Մայր Մշակույթը: Էդ անխելք զավակն էլ մենք բոլորս ենք, մեր պետության հետ, էդ անթիվ հարստությունն էլ մեր երգն ու պարն են, մեր խաղիկն ու տաղիկը, մեր էպոսը… Շնորհակալ եմ շուրջ 16 հազար ընթերցողին, որ կարդաց գրությունս, ում սրտին ցավ եմ տվել – ներում եմ հայցում, բանտված մոր ցավն էր ծնել իմ կոշտությունը…
Լսեցի՝ «Շարմ» ընկերությունն է պատվերով կազմակերպում պետական նշանակության այս համերգները: Ախր «Շարմ»-ը ո՞վ է, որտեղի՞ց է ընկել մեր գլխին – ախր մշակույթը շամբշոտաՇարմին չեն հանձնում, ախր մենք մշակույթի նախարար ունենք, քաղաքապետարան ու նախագահական ունենք, անվանի բեմադրիչներ ունենք: Ախր էն Ստալինը – հեռու տնից ու տեղից – ամեն օր նստած՝ կինոյի սցենար էր կարդում, Բուլգակովի անտիպ վեպն էր կարդում – էդ բռնակալը հասկանում էր ՄՇԱԿՈՒՅԹԻ դերը: Մեր լուսավորյալ դարում մեր կառավարիչները ե՞րբ պիտի գան այս գիտակցությանը – ոչ արգելելու, այլ ՄԵՐԸ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ համար…
Վերջում դառնամ ու ասեմ – Շուշան, Նունե, Ալլա…, ե՞րբ է գալու այն օրը, երբ որոշեք բուժվել ու ազատվել «արթուրգրիգորիչ» վիրուսից – ընթերցողը կարող է չիմանալ, բայց դուք հո գիտեք՝ ի՜նչ եմ ասում: Վիրուսը ստեղծողն անգամ գիտի, որը էդ անտեր կոդը գրեց և թողեց մեր երգարվեստի ջանին: Գիտեմ՝ հացի խնդիր կա, Հանրային կա, Ալիկի ու վերնախավի ճաշակ կա, բայց ձեր հոգին որտե՞ղ է… Անուշ ու Ինգա, ձեզ հազար ասել ենք՝ տեղով թագուհի եք - ձեզ շարմը, շարմոտությունը, շոու-բիզնեսությունը ի՞նչ պետք են, ռա՛դ արեք գնան… Սպասում ենք ձեր դարձին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3362279036291
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել