Ստոկհոլմի՝ Աշխարհի խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի՝ «Թրենդները սպառազինությունների միջազգային փոխադրումներում-2014» զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը դարձել է սպառազինության հիմնական տեսակների երկրորդ խոշոր ներկրողը Եվրոպայում (Արմենպրես):

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ու դրանց ղեկավարները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց գրեթե բոլոր հայտարարություններում (նաև համատեղ), որպես կանոն, ընդգծում են կոնֆլիկտի՝ բացառապես խաղաղ կարգավորման հնարավորությունը:

Սակայն խաղաղ կարգավորում ասվածը հենց այնպես չի լինում. այդ հայտարարությունները ենթադրում են քայլեր, որոնք եթե ոչ կանխարգելիչ, ապա գոնե ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունները նվազեցնելու նշանակություն կունենան:

Այս տեսանկյունից հրապարակված զեկույցը խիստ մտահոգիչ է, մանավանդ, որ նույնիսկ առաջնագծում տեղի ունեցող ողբերգական միջադեպերը զգաստացնող նշանակություն չեն ունենում Ադրբեջանին ակտիվորեն զինող պետությունների համար:

Ադրբեջանը բացեբաց հայտարարում է, որ պատրաստվում է պատերազմի, իսկ այս երկրին սպառազինության մատակարարումները հակասում են միջազգային հանրության կողմից՝ հիմնախնդրի վերաբերյալ հնչեցվող հայտարարությունների տրամաբանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել