Tert.am-ը գրում է.

1915-ից առաջ 75 տուն ունեցող հայկական բնակավայր Փոքր Արմտան (այսօրվա անունով՝ Քյուչուք Արմութլուն), 550 հայ և մոտ 30 թուրք ընտանիք ունեցող Մեծ Արմտան (այսօր՝ Բյույուք Արմութլուն) գյուղերի հայ բնակչությունը ցեղասպանության հետ ջնջվեց:

Սոցիոլոգիայի ֆակուլտետում դոկտորականի թեզի վրա աշխատող Օյքու Գյուրփընարն իր աշխատությունը նվիրել է Արմտանի պատմությանը. մի կողմից Արմտանի փոփոխված ճակատագրի, մյուս կողմից Արմտանից արտաքսված Պետրոսի՝ 1915-ի և դրանից հետո տեղի ունեցածի հուշերն է ուսումնասիրում:

«Ակօս» թերթը Գյուրփընարի հետ խոսել է երկու պատմությունների զարգացման մասին:

Պատասխանելով Արմտանում 1915-ին տեղի ունեցածների մասին հարցին՝ Գյուրփընարն ասել է հետևյալը.

«Արմտանում տեղի ունեցածների մասին երկու աղբյուրից ենք կարողանում տեղեկություն ստանալ: Առաջինն արմտանցի Պետրոսի հուշերն են, երկրորդն էլ այժմ Արմտանում բնակվող մարդկանց՝ տատուպապերից լսածները: Պետրոսի հուշերում շատ մանրամասներ կան»:

Նա գրել է, որ 1915-ի հունիսի 15-ին ժանդարմները գյուղ են եկել և տեղեկացրել, որ աքսոր է սկսվելու: Տեղահանության սկսվելու առաջին փուլում հայերին Մոշուդ գյուղ են տարել: Մոշուդը ճանապարհին գտնվող գյուղ է:

Արմտանից ու շրջակա 5 գյուղերից կանայք, երեխաներն ու տղամարդիկ հավաքված են եղել այդ քարավանում: Հետո ուրիշ ժանդարմ է եկել և տեղեկացրել է, որ Սուլթանը ներում է շնորհել. կանայք և երեխաները պետք է գյուղ վերադառնան, իսկ տղամարդիկ գնալու են Քուրուչայ: Այդպիսով՝ տղամարդիկ այլ ճանապարհով են գնացել, կանայք ու երեխաները՝ այլ: Պետրոսը նկատել է, որ դա Քուրուչայի ճանապարհը չէ:

«Հասկացա, որ այդ գործի վերջը լավ չի լինելու»,- ասել է նա:

Տղամարդկանցից բաղկացած քարավանը բռնությամբ մտցվել է մի քարանձավ, որտեղ սկսվել է կոտորածը: Քարանձավի մյուս կողմում դեպի Եփրատ ելք է եղել և անդունդ: Պետրոսն իր երկու ընկերների հետ գետն է նետվել:

«Մեկի մասին ոչինչ չգիտեմ»,- ասել է Պետրոսը, իսկ մյուս ընկերը գետը նետվելիս վիրավորվել է: «Բղավեց և ուշագնաց եղավ»,-պատմել է նա և նշել, որ 6 ժամ սպասել է ընկերոջ գլխավերևում: Այսինքն՝ սպասել է, որ նա մահանա: Հետո «Հայր մերն» է ասել ու փակել ընկերոջ աչքերը: Ընկերոջն այնտեղ թողնելը նրա կյանքի ամենադժվար որոշումն է եղել:

Արմտանում բնակվողները երկու մասի են բաժանված:  Փոքր Արմտանը 1915-ից առաջ բացառապես հայերից է բաղկացած եղել, և այնտեղ բնակվողները 1915-ի վերաբերյալ պատմությունները պատմության դասագրքերից են կարդացել:

Հետևաբար՝ նրանք կենտրոնանում են պատմության վրա, թե ինչպես է տեղի ունեցել տեղահանությունը և, օրինակ, նշում են, որ «ամեն ինչ սկսվել է հայերի դավաճանությունից և Օմեր Հոշիքին սպանելուց հետո»:

Այդ պատմությունը վերցված է «Երզնկայի հայերի իրականացրած կոտորածի մասին» պատմության դասագրքերից և, հետևաբար, մեղադրական տոն ունի: Մյուս կողմից, Մեծ Արմտանում 1915-ից առաջ 50-ից ավելի սուննի ընտանիքներ են բնակվել և բոլորովին ալ մանրամասներ են ներկայացնում հայերի կոտորածների մասին:

Այսօր Մեծ Արմտանում բնակվողների պատմածները համընկնում են Պետրոսի ներկայացրած պատմության հետ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել