Fact.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելված է, հաշվի առնելով ՀՀ անդամակցությունը Եվրասիական միությանը՝ Ռուսատանը պատրաստակամություն է հայտնել վերանայելու ՀՀ քաղաքացիների արգելանքների առանձին դեպքերը և հնարվորության դեպքում թույլ տալ նրանց մեկնելու Ռուսաստան: Այս հարցի առնչությամբ մարտի 6-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը պարզաբանումներ է տվել: Նա մասնավորապես ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ուղիղ աշխատանքային կապ է հաստատվել ՀՀ ՏԿԱԻ միգրացիոն ու ՌԴ-ի դաշնային միգրացիոն ծառայությունների միջև:
«Փետրվարի 18-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նամակով դիմել է ՌԴ դաշնային ծառայության պետին` ՀՀ քաղաքացիների դիմումներին դրական մոտեցում ցուցաբերելու համար: Երկու ծառայությունների միջև ուղիղ կապի հաստատումը մեծ ձեռքբերում է: Եթե նախկինում մեր քաղաքացիների` ՌԴ մուտք գործելու արգելքը վերացնելու վերաբերյալ գրված դիմումները դաշնային միգրացիոն ծառայություն հասնում էին դիվանագիտական և այլ խողովակների միջոցով, ինչը բավական երկար ժամանակ էր պահանջում, ապա այսօր այդ դիմումներն ուղարկվում են անմիջապես ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն: Երկու ծառայությունների պայմանավորվածության համաձայն` անխտիր դրական պատաասխան կստանան հետևյալ հինգ կետերի պահանջներից որևէ մեկին համապատասխանող քաղաքացիների դիմումները.
-
- եթե տվյալ քաղաքացին ունի ՌԴ քաղաքացի հանդիսացող և Ռուսաստանում բնակվող ընտանիքի անդամ կամ հարազատ.
- եթե քաղաքացին ՌԴ-ում կրթությունը շարունակելու խնդիր ունի.
- եթե քաղաքացին ՌԴ է մեկնում բուժման կամ խնամակալության հարցերով.
- եթե քաղաքացին ՌԴ-ում ունի իր անունով գրանցված սեփականություն.
- եթե դիմող քաղաքացին նախկինում ՌԴ-ում ունեցել է աշխատանքի թույլտվություն», – ասաց Գ. Եգանյանը:
Ըստ ներկայացված տվյալների` այժմ Ռուսաստան մուտք գործելու արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիների 30 տոկոսի դիմումներին ՌԴ միգրացիոն ծառայությունը դրական լուծում է տվել: «Մեր գործընկերները ՌԴ-ում պատրաստակամություն են հայտնել դիմումի հիման վրա վերանայել անձի խնդիրը: Արդեն 5400 ՀՀ քաղաքացի դիմել է, ուսումնասիրվել են նրանց դիմումները: Պատասխանների 30 տոկոսը դրական է՝ այսինքն արգելանքը վերացվել է», – նշեց Գ. Եգանյանը: