1in.am-ը գրում է.
Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելը Իզմիրում կայացած «Էգեյան տարածաշրջանի խաղաղություն և ժողովրդավարություն» խորագրով համաժողովին հայտարարել է, որ Թուրքիան պետք է առերեսվի Հայոց ցեղասպանության հետ։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը։
«Թուրքիան պետք է առերեսվի նախկինում կատարած հանցանքների, մշակութային և էթնիկ ցեղասպանությունների՝ հայերի, ասորիների կոտորածների հետ»,- ասել է Թունջելը։
Խոսելով հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին՝ ԺԴԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ իրենք ակնկալում են ստանալ ձայների 12 տոկոսը, ինչը 2 տոկոսով ավելի է անցողիկ շեմից։
Երկօրյա համաժողովին մի շարք հարցերի հետ միասին քննարկվել է նաև հայերի և ասորիների ցեղասպանության հարցը։
Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Սեբահաթ Թունջելը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին էր ներկայացրել մի օրինագիծ, որով կին պատգամավորն առաջարկում էր ընդունել Հայոց ցեղասպանության համար երկրի նախագահ Թայիփ Էրդողանի՝ հայերից ներողություն խնդրելու մասին առաջարկը։ Օրինագիծը ենթադրում էր, որ Թուրքիայի նախագահը երկրի անունից պաշտոնապես ներողություն պետք է խնդրեր նախ՝ խորհրդարանի ամբիոնից, ապա նաև՝ կոտորածների վայրերից մեկում ընթերցեր ներողության տեքստը:
Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայ «թեկնածության թեկնածուները» չորսն են՝ ԺԴԿ-ի կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Գարո Պալյանը, որը միևնույն ժամանակ Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական նախակրթարանի տնօրենն է, Սասունի շրջանի Աջար գյուղի հայկական միության նախագահ և Մուշի հայկական միության երկրորդ նախագահ, ուսուցիչ Ֆիքրի Չալըշը, նախորդ ՏԻՄ ընտրություններին ԺԴԿ-ից մասնակցած Նվարդ Բաքըրջըօղլուն, Մարդին նահանգի Դերիկ շրջանի բնակիչ Զաքարիա Սաբունջուն։