Այսօր լրանում է Մոսկվայի պայմանագրի կնքման 94-րդ տարելիցը ու, կանխագուշակելով, որ հեսա սկսվելու է ամենամյա վայ-վույն էս թեմայով, որը հագեցած է էմոցիաներով ու կեղծիքներով, ուզում եմ հարցի նկատմամբ ունեցածս դիրքորոշումով կիսվել։

Խորհրդային Միության փլուզումից ի վեր գրեթե բոլոր հետխորհրդային հանրապետություններին միավորող մեկ ընդհանուր գիծ գա՝ այդ պետությունների էլիտաների հակասովետական կոնսենսուսը։ Ի թիվս այլ բաների, դա արտահայտվում էր նրանով, որ ԽՍՀՄ պատմության տարբեր էջեր նորովի էին մատուցվում, և մատուցման այդ ձևը տրամագծորեն հակառակն էր նրա, ինչ ուսուցանում էին խորհրդային դպրոցներում։ Հասկանալի է, որ ԽՍՀՄ-ն էլ լրիվ անկեղծ չէր ու հատկապես իր կայացման առաջին տարիների շատ մութ էջեր կամ գաղտնի էր պահում, կամ էլ մատուցում էր քարոզչական տեխնոլոգիաներով համեմված։ Սակայն դա բնավ չի նշանակում, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ԽՍՀՄ-ին ու խորհրդայնացմանը վերաբերող պատմության էջերի նորովի մատուցումն ավելի ազնիվ է ու ավելի անկեղծ։

Հայաստանի պարագայում նման կեղծիքների բախման օրինակ է Մոսկվայի պայմանագրի հարցը։ Եթե ԽՍՀՄ-ում այդ հարցը հնարավորինս շրջանցում էին, իսկ անդրադառնալուց էլ մատուցում էին որպես խորհրդային դիվանագիտության մեծագույն ձեռքբերում ու հայ ժողովրդի համար մեծագույն բարօրություն, ապա Հայաստանում այն մինչ օրս էլ փորձում են մատուցել որպես բոշևիկների ու թուրքերի կողմից ծրագրված ու իրականացված հակահայկական ծրագիր, որը միտված էր կոտրելու հայ ժողովրդի մեջքն ու ջլատելու Հայաստանը։

Ու ինչպես միշտ է լինում նման դեպքերում, իրականությունը գտնվում է այս երկու բևեռների արանքում։ Եթե մաքսիմալ պարզ լեզվով խոսեմ ու չխորանամ ակադեմիական պատմության մեջ, ապա ԽՍՀՄ-ն «բստրում էր»։ Մոսկվայի պայմանագիրը ոչ թե հանճարեղ դիվանագիտական ձեռքբերում էր, այլ ստիպված փոխզիջում։ Պետք է հասկանալ, որ 1920 թվականին, երբ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի սուր փուլը նոր էր, երկիրն ավերակների մեջ էր, պատերազմից, հիվանդություններից ու սովից, երկիրը միլիոններ էր կորցրել և նոր-նոր էր ոտքի կանգնում և մաս-մաս վերադարձնում իր առանցք Ցարական Ռուսաստանի նախկին տարածքները, վերջին բանը, որ ուզում էին Լենինը և առավել քան հակասական բոլշևիկյան վերնախավը, նոր պատերազմն էր Թուրքիայի հետ տարածքների համար։ Նման մի պատերազմ՝ լեհերի դեմ, ողբերգական ավարտ ունեցել էր արդեն նորաթուխ կարմիր բանակի համար, իսկ եթե մի հատ էլ նոր էքսպանսիվ պատերազմ ձեռնարկվեր Թուրքիայի դեմ, որը ձգձգվեր կամ էլ առավել ևս պարտությամբ պսակվեր, դա կարող էր քաղաքացիական պատերազմը նորովի թեժացնել, որովհետև բոլշևիկների դիրքերը դեռ այդքան էլ կայուն չէին, ռեակցիան ուժեղ էր, մեծ էր նաև նախկին դաշնակիցների ինտերվենցիայի հավանականությունը։ 

Այսքանով հանդերձ՝ քեմալականների հետ կնքված Մոսկվայի պայմանագիրը փոխզիջումային տարբերակ էր, որով թուրքերին անցնում էր հայ-թուրքական պատերազմների արդյունքում զավթված հողերի զգալի մասը, որոշակի պրեֆերենցիաներ էին ստանում մեր ոչ խերով հարևան կովկասյան թուրքերը, բայց միևնույն ժամանակ թուրքերը վերադարձնում էին 1917-1920թթ զավթած հողերի մի մասն ու ընդունում էին Ռուսաստանի գերիշխանությունը մնացած տարածքների վրա։ Հարկ է նշել նաև, որ ակնհայտ էր, որ Ռուսաստանը սա դիտարկում էր որպես ժամանակավոր լուծում, և արդեն բնավ գաղտնիք չէ, որ Ստալինն ուզում էր Նացիստական Գերմանիայի հաշիվները մաքրելուց հետո ներխուժել նաև Թուրքիա, և դրա համար շատ կոնկրետ պատրաստություններ էին արվում։

Իհարկե, մանկամտություն կլիներ ասել, որ դա զուտ հայերիս համար էր արվում, որովհետև վերջնական նպատակը նույն այն նպատակն էր, որը ռուսական տերության գերնպատակն էր վերջին 100-150 տարիների ընթացում՝ Բոսֆոր ու Դարդանել նեղուցին տիրանալը։ Այս ամենին խանգարեցին ԱՄՆ-ի ատոմային ռումբը և դրա ուժի ցուցադրությունը, և Ստալինն այդպես էլ ռիսկ չարեց ներքաշվել նոր պատերազմի մեջ, որը կարող էր բերել միջուկային հարվածների։ Էս՝ Սովետի մասով, հիմա խոսենք մեր մասին։

Ժողովուրդ ջան, նրանք, ովքեր ասում են, որ Մոսկվայյի պայմանագիրը բացարձակ չարիք էր ու դատավճիռ մեզ համար, որն արված էր չարամիտ դիտավորությամբ բոլշևիկների կողմից, կամ պատմություն չգիտեն, կամ էլ գիտեն ու դիտավորությամբ պատմական կեղծիք են տարածում։ Բավական է միայն հիշել, որ Մոսկվայի պայմանագիրը կնքելուց ու Հայաստանի խորհրդայնացումից առաջ Հայաստան փաստացի չէր մնացել, որովհետև պետությունը կոլապսի էր ենթարկվել, իսկ թուրքական բանակը գրավել էր երկրի գրեթե ողջ տարածքը։ Ավելի պատկերավոր լինելու համար նշեմ, որ թուրքական բանակ ու թյուրքական տեղաբնակների հրոսակախմբեր փաստացի չկային միայն Երևանում և դրա հարակից տարածքներում, Զանգեզուրում էլ լարված իրավիճակ էր։ Գրավված էին Ալեքսանդրապոլը, ողջ շիրակի մարզը, Նախիջևանը, Արցախը, Արարատյան դաշտը... Ստեղծված կացությունն իր ողջ խայտառակությամբ շատ պատկերավոր երևում է խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագրում։

Մոսկվայի պայմանագրով թուրքերն անարյուն վերադարձրեցին այն տարածքները, որոնք հետագայում դարձան Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ու որ առավել կարևորն է՝ վերջապես մեր ժողովուրդը շունչ քաշելու ժամանակ ստացավ և վերջնականապես չբնաջնջվեց ու չլուծվեց։ Արդեն 20 տարի անց տասնյակ հազարավոր հայեր մարտնչում էին Հայրենական պատերազմի ռազմաճակատներում, իսկ 70 տարի անց մենք սկսեցինք վերադարձնել մեր հողերը։

«Լա՞վն էր» արդյոք Մոսկվայի պայմանագիրը մեզ համար. այնքանով, որքանով որ այն լավն էր, ասենք, նույն Ալեքսանդրապոլի պայմանագրից կամ էլ ամբողջությամբ կործանվելու այլընտրանքից։

Կարո՞ղ էինք ավելի շատին հավակնել. անշուշտ, ավելի շատ կունենայինք, բայց ուզելն ու կարողանալը տարբեր բաներ են։ Մենք հիմնովին պարտվել էինք թուրքերի հետ պատերազմում, ու մեր պետությունը ֆիասկո էր ապրել, ընդ որում ոչ միայն ռազմական, այլև համակարգային և փաստացի կապիտուլյացիայի էր ենթարկվել։ Ստեղծված իրավիճակում, երբ թուրքերին նոր պայմանագիր թելադրել մենք էլ ի զորու չէինք, մանկամտություն է նեղացած պոզա ընդունել, թե բա ռուսներն ինչի ավելի շատ չարեցին (արդեն գրեցի ինչի՝ не до нас было).

Պե՞տք է արդյոք համակերպվել Մոսկվայի պայմանագրի սահմանած կարգի հետ. եղածն անցած ա, պատմությունը ցույց է տվել, որ արյունով զավթած հողերը թանաքով չեն վերադարձվել, այլ նոր արյունով։ Հետևաբար, եթե ուզում ենք երբևիցե վերադարձնել այդ հողերը, ոչ թե Սևր-մևր պետք է խաղացնենք, ոչ թե Լենին պապիկի հերը պետք ա անիծենք, ոչ թե սաղ կուժնուկուլան բոլշևիկների գլխին պետք է թափենք, այլ նա՛խ պետք է մեր պատմությունը մաքրենք երկուստեք կեղծիքներից ու սովորենք ընդունել այն այդպիսին, այնուհետև անենք դրանից հետևություններ և եթե այդքանից հետո որոշենք, որ մենք հաշիվ ունենք ուզելու, ապա պետք է պատրաստ լինենք արյան գին վճարել դրա համար, ինչպես դա եղավ Արցախի պարագայում։ Իսկ մինչև էդ ամեն ինչ պրոֆանացիա է։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել