Tert.am–ը գրում է.

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի անցնելը գործնականում անհնար է: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ նշելով, որ դա քաղաքական խնդիր է, և որևէ տնտեսական հիմք չկա դրա համար:

«Միասնական արժույթին անցնում են որոշակի պայմաններում, տնտեսական ինտեգրացիայի որոշակի աստիճանում, երբ այդ երկրներում կան  մակրոտնտեսական պարամետրերի համաձայնեցման, ներդաշնակեցման հնարավոր պայմաններ: ԵՏՄ-ն այն տնտեսական միավորումը չի, նախ դա չկայացած միավորում է, այնտեղ որևէ համապատասխան ինտեգրացիա չկա այս պահի դրությամբ»,-ասաց տնտեսագետը:

Նա կարծում է, որ խնդիրը քաղաքական է նախ այն տեսանկյունից, որ միասնական արժույթը պետք է լիներ այդ ինտեգրացիայի վերջին փուլում:

«Անցած տարի մայիսին՝ Աստանայում, երբ ստորագրվել են ԵՏՄ պայմանագրերը, ոչինչ չի ասվել միասնական  արժույթ մտցնելու մասին: Դա հետաձգվել է անորոշ ժամկետով՝ 2025 թվական: Ես այստեղ ուրիշ խնդիր եմ տեսնում. եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա արագացնում է, նշանակում է, որ նա վերջնական ճիգ է ուզում գործադրել մեկ պետություն ստեղծելու, այնպես, ինչպես Խորհրդային միության ժամանակ էր»,-նկատեց Աշոտ Եղիազարյանը:

«Դա նշանակում է, որ դուք՝ Ղազախստան, Բելառուս, Հայաստան, էլ անկախություն չեք ունենալու, մենք ստեղծում ենք միասնական արժույթ և միասնական ընդհանուր կառույցներ: Սա միայն այդ տեսանկյունից կարելի է նայել»,-կարծիք հայտնեց Աշոտ Եղիազարյանը:

Այդուհանդերձ, տնտեսագետն ասաց, թե միասնական արժույթի անցնելը գործնականում չի լինելու. «Դա հնարավոր չէ, եթե այս պետություններին այսպես ասած՝ չլուծարեն և ասեն, թե սա մի պետություն է, դա հնարավոր չէ: Տնտեսական համապատասխան հիմք, նախադրյալ գոյություն չունի և դա գործնականում անհնար է: Եթե նույնիսկ ասվում է, որ դրա համար ժամանակ է պետք, դա էլ արհեստական հարցադրում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել