Երեկ մի հոդված եմ կարդում, որտեղ 3 օրով Երևանում հանգրվանած պարսիկ զբոսաշրջիկն իր բողոքն է արտահայտում Հայաստանից։ Առաջին բողոքը վերաբերում էր նրան, որ օդանավակայանում երկար է սպասել փաստաթղթային ձևակերպումներին։ Ուրեմն դա ռուսներն են անում, իրենք սովոր են հերթերին։ Տաքսիստը մինչև քաղաք 5.000 դրամ է պահանջել։ Միայն պարսիկներին չեն խաբում, բոլորին էլ խաբում են, դուրդ չի գալիս՝ երթուղային նստիր։ Վարորդին խնդրել է էժան, բայց հարմարավետ հյուրանոց տանել։ Ուրեմն ուղևորվում է օտար երկիր՝ առանց նախապես ուսումնասիրելով հյուրանոցները և նրանց գները։ Վարորդը նրան տարել է Գոլդեն Տյուլիպ, որտեղ մեկ օրվա արժեքը եղել է 110 դոլար, ինչը շատ թանկ է համարել, բայց հոգնած է եղել՝ ուրիշ հյուրանոց փնտրելու համար։ Հյուրանոցը ծառայող չի ունեցել և ինքն է իր ուղեբեռը համար բարձրացրել։ Հետաքրքիր է՝ 3 օրվա համա ի՞նչ իշաբեռ էր հետը քարշ տալիս, որ դժվարացել է մի երկու հարկ բարձրացնել։ Առավոտյան հյուրանոցի աշխատակցին հարցրել է, թե ինչ տեսարժան վայրեր կարելի է այցելել։ Առաջարկել են Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Մատենադարան։ Աստեղ լիովին համաձայն եմ. միայն կատարյալ ապուշը պարսիկին նման առաջարկներ կաներ, ինչպես զբոսաշրջիկն է ասում՝ գերեզմաններ իր երկրում էլ կան։ Հետևաբար պետք էր առաջարկել այնպիսի բաներ, ինչ իրենց երկրում չկան։ Օրինակ՝ Ջրաշխարհ, գիշերային ակումբ, Փարվանա ռեստորան։ Երեկոյան ցանկացել է մզկիթ գնալ՝ աղոթելու։ Պարզել է, որ Երևանում միայն մի մզկիթ կա, մնացածները քանդել են։ Այդքան բան իմացողը պետք է իմանար նաև, որ միայն մզկիթներ չեն քանդել, եկեղեցիներ էլ են քանդել։ Այս մեկն էլ իբր թողել են, որպեսզի աշխարհին ապացուցեն, թե հայերը տոլերանտ են, սակայն դա այդպես չէր, քանի որ մզկիթում միայն չորս մահմեդական այցելու կային։ Դե կներես էլի. էդ հայերն ե՞ն արգելել, որ մզկիթ չգնաք։ Սակավամարդությունը հենց ապացույցն է այն բանի, որ մահմեդական աղոթքներն են ձևական և ցուցադրական. երբ պարսիկը հայտնվում է մի վայրում, որտեղ ստիպող կամ հետևող չկա, նշանակում է մզկիթ գնալն էլ պարտադիր չէ։
Ցանկացել է ճաշել, բայց իր պատվիրած ուտեստն իր ուզած չափով չեն եփել. չհասկացվեց՝ հո՞ւմ էին թողել, թե՞ վառել։ Եվ որի համար պահանջել են 25 դոլար, ինչը դարձյալ թանկ է համարել։ Այստեղ արդեն հյուրը կարծես ինչ-որ բան խեղաթյուրում է. համենայնդեպս, երևանյան ցանկացած օբյեկտում գները ներկայացված են թե՜ ճաշացուցակներում, թե՜ պատերին կախված ցուցանակներում։ Վերցրու այն, ինչը հասու է գրպանիդ։ Եվ վերջում ասում է, թե երեք օրում ծախսել է 1.500 դոլար, բայց հաճույք չի ստացել։ Հետաքրքիր է, եթե 330 դոլարը վճարել է հյուրանոցի համար, իր ներկայացրած գներով էլ մի 200 դոլարի սնվել և տաքսի է նստել, ապա ինչի՞ վրա է ծախսել մնացած 1000 դոլարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել