Interpress.am-ը գրում է․
Սան Ֆերնանդոյի հովտի մատուռում` ապակու տակ, հանգչում են մարդկային ոսկորներ, հեռու արևից այրվող սիրիական անապատից, որտեղ դրանք ցրված էին ավազների մեջ:
Քիչ բան է հայտնի, միայն այն, որ ժամանակին այդ վայրերով հայեր են անցել, որոնց ստիպողաբար դուրս են հանել իրենց տներից Օսմանյան կայսրությունում և ուղարկել Դեր Զորի անապատ, որտեղ նրանք մահացել են:
Ողջ մնացածները կպատմեն 1 դար վաղեմության պատմություն ոչ միայն մահվան, այլև փրկության, ինչպես նաև ժխտողականության ցավի և հիշողության պահպանման հոգսի մասին:
«Դեր Զորում, որտեղ էլ որ գնաք, կգտնեք մեր ժողովրդի ոսկորները», ասում է Mission Hills-ում գտնվող Արարատ-Էսկիջիան թանգարանի տնօրեն Մեգի Մանգասարյան-Գոսչինը.«Դա մեզ համար դեռ վերք է, որը երբեք լիարժեք չի ապաքինվի»:
Ոսկորները տեղադրված են թանգարանում, որը բացվել է 1996-ին Լոս Անջելեսի Ararat Home-ի հարևանությամբ, որտեղ հինգշաբթի կայացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի հատուկ արարողություն: Հայերն ասում են, որ 1915-1923 թվականներին 1.5 միլիոն մարդ է մահացել, երբ թուրքերը փորձում էին ստեղծել իրենց սեփական երկիրը: Պատմաբանները, գիտնականներն ու մարդու իրավունքի ակտիվիստները այս իրադարձություններն անվանում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն:
Հինգշաբթի տեղի ունեցած միջոցառմանը մատուցվել է կարճ ժամերգություն, որը կատարել են հայկական տեղական եկեղեցիների մի քանի հոգևորականներ: Նրանք միասին կանգնած օրհնել են ոսկորները, որոնք զգուշորեն տեղադրված են եղել մատուռի կենտրոնում:
Ավելի ուշ հոգևոր այրերը բացել են Ցեղասպանության զոհերի և դրանից փրկվածների հիշատակին նվիրված գրանիտե հուշարձան: Մոտակայքում տնկել են նաև թթենու ծառ, ինչը խորհրդանշել է հայ ժողովրդի կյանքի շարունակությունը:
Արարողությանը մասնակցածների թվում են եղել ծերեր, ինչպես 101-ամյա Եվնիգ Սալիբյանը: Նա ծնվել է Ցեղասպանության մեկնարկից առաջ, բայց, հիշում է, թե ինչպես է մեծացել վախի և սպառնալիքի մթնոլորտում: Կան որոշակի ձայներ, որոնք նա առ այսօր լսում է:
«Իմ հայրը Մուհամեդ անունով ընկեր ուներ, որը օգնեց մեզ մնալ Թուրքիայում: Բայց երբ ես դուրս էի նայում մեր դռնից, լսում էի, թե ինչպես են մարդիկ լալիս: Լսում էի մայրերին, հայրերին, երեխաներին, որոնք ասում էին. «Ես սոված եմ, ես ծարավ եմ»: Եվ նա հիշում է մտրակները.«Թուրք գեներալը հանում էր մտրակը և ասում. «Դու՛, Դու՛, Դու՛, դուրս եկե՛ք այդտեղից»»:
Սալիբյանի խոսքով, իր ընտանիքը լքել է Թուրքիան 1921-ին: Նրանք օգտվել են 2 սայլից: Գնում էին դեպի Սիրիա: Ճանապարհին ինքն ու մի ծեր կին փոխել են իրենց նստատեղերը: Սայլը վթարի է ենթարկվել և ծեր կինը մահացել է, մինչդեռ Սալիբյանը վերքեր էր ստացել աջ ոտքի շրջանում և փրկվել: Վախն առ այսօր չի չքացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ