1in.am-ը գրում է․
Պարզվել է, թե ինչպես է պետք երեխային օգնել խուսափելու համացանցային կախվածությունից։ Այսօրվա դեռահասների համար համակարգիչն այնքան սովորական առարկա է, որքան հեռուստացույցը նրանց ծնողների համար մանուկ տարիքում։
Ծնողների տեսակետները համակարգչի օգտագործման վերաբերյալ տարբերվում են։ Ոմանք ընդհանրապես արգելում են համակարգչից օգտվել, մյուսները թույլ են տալիս օգտագործել միայն ուսման մեջ, իսկ երրորդները մի կերպ են կարողանում երեխային կտրել էկրանից։ Իսկ արժե՞ արդյոք արգելել պլանշետներն ու գաղտնաբառ դնել համացանցի վրա։
«Այսօրվա երեխաներն ապրում են բոլորովին այլ սոցիալական միջավայրում, քան իրենց ծնողները ընդամենը 20 տարի առաջ»,- կարծում է հոգեբանական գիտությունների թեկնածու, Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանի «Պերեկրյոստոկ» կենտրոնի ղեկավար Կիրիլ Խլոմովը։
«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօր համացանցային շփումը երեխայի սոցիալականացման պայման է։ Եթե դեռահասը բոլորովին չի շփվում համացանցում, նա դուրս է մղվում իր հասակակիցների միջավայրից։ Կարելի է երեխայի ձեռքից վերցնել պլանշետը, սակայն հետո պետք չէ զարմանալ, թե ինչու նա ընկերներ չունի, չի շփվում հասակակիցների հետ, իսկ դպրոցում նրան ոչ ոք չի հասկանում»,- ասել է նա։
Սակայն ամեն ինչում անհրաժեշտ է ողջամտություն։ Բժիշկ-հոգեբույժ Վիկտոր Խանիկովը կարծում է, որ համակարգչային կախվածության վտանգների առաջին տեղում համակարգչային խաղերն են, երկրորդում՝ սոցիալական ցանցերը։ Նա նշում է. «Մի կողմից՝ շփումը համացանցում կորած ընկերներին գտնելու հնարավորություն է տալիս, ամաչկոտներին թույլ է տալիս ազատ արտահայտվել, միայնակներին՝ զրուցակից գտնել։ Սակայն կա մեկ այլ կողմ՝ վիրտուալ շփումը երբեք չի փոխարինի կենդանի շփմանը։ Համացանցում կարելի է շփվել հարյուրավոր մարդկանց հետ, սակայն մնալ միայնակ; Այստեղ դու կարող ես որևէ բան ցանկանալ, զգալ, սակայն՝ անվտանգ, առանց գործողությունների, հետևաբար և՝ առանց պատասխանատվության։ Դա գրավիչ է, սակայն արդյունքը միմյանցից հեռանալն է, ոչ թե մերձեցումը։
Այս ամենի վրա ժամանակ է ծախսվում, երիտասարդությունն այսօր առանց այդ էլ չի կարդում, քանի որ ժամանակ չկա, բայց համացանցի համար ժամանակ միշտ է գտնվում։ Այս ամենի պատճառն այն է, որ խելքի և հոգու ջանքերը հասնում են նվազագույնի, մի խոսքով՝ կյանքի դյուրացման հերթական ձև է»։
Ինչպես ճիշտ կազմակերպել աշխատանքային պայմանները
1. Մոնիտորը պետք է տեղադրված լինի աչքերից ոչ պակաս, քան 70 սմ հեռավորության վրա, ուղիղ հայացքից քիչ ներքև։
2. Կողմնակի աղբյուրներից ճառագող լույսը չպիտի արտացոլվի էկրանի վրա։
3, Եթե երեխան պետք է մեծ տնային աշխատանք կատարի համակարգչով, ամեն 20-30 րոպեն անհրաժեշտ է դադար տալ 5-10 րոպեով։
4. Աչքերի հոգնածությունը վերացնելուն կօգնի նաև հետևյալ վարժությունը՝ մոտակա կետից հայացքն ուղղել հեռակա կետին։
5. Աչքերի չորությունը կանխարգելելու համար կարելի է օգտագործել համապատասխան կաթիլներ։
Ի՞նչ անել, որ երեխան կախվածություն չունենա վիրտուալ աշխարհից
«Կապ հաստատեք ձեր երեխայի հետ, ներթափանցեք նրանց աշխարհը՝ համագործակցելով նրանց հետ, այլ ոչ թե ուրախացեք, որ նա համակարգչի մոտ է, ուստի և որևէ տեղ գարեջուր չի խմում կամ թմրանյութ չի ընդունում»,- խորհուրդ է տալիս Վիկտոր Խանիկովը
Անվտանգության կանոններ
Եթե երեխան երկար է նստում համակարգչի առջև, կարող է ձեռք բերել համակարգչային տեսողական ախտանիշ՝ տեսողության սպեցիֆիկ խանգարում։ Եթե նկատել եք, որ երեխայի աչքերը կարմրել են, նա դրանք անընդհատ տրորում է, դարձել է նյարդային և գլխացավեր ունի, նրան շտապ հեռացրեք էկրանի մոտից։



