-Բա իմացա՞ր, նկարներս լայքել էր…
Այնքան ենք տարվել լայք գործողությամբ, որ դրա տակ սկսել ենք հասկանալ գրեթե ամեն ինչ. և՛ սիրո խոստովանություն, և՛ սեր, և՛ հաղթանակ, և՛ պարտություն: Ամեն ինչ այնքան ծայրահեղ է, որ լայքերի քանակով մարդիկ որոշում են կյանքում իրենց կայացած լինելու աստիճանը, ինքնահաստատվում են լայքերի թվի հաշվին, դրանցով են որոշում դիմացինը իրենց սիրում է , թե` ոչ…
Այսօր որոշել ենք ձեզ ներկայացնել հայկական ֆեյսբուքի ԹՈՓ 10 ամենից շատ լայքվող օգտատերերին: Օգտատերեր, ում էջում լայքվում է անգամ անլայքելին.
1. Հովհաննես Ազոյան- դերասան, հաղորդավար
Ֆեյսբուքում գրանցվել է 2011 թվականին
Հովհաննես Ազոյանն իր մասնագիտությունները համատեղում է նաև քաղաքացիական ակտիվիստի իր կոչման հետ: Նա շատ հաճախ հակաիշխանական գրառումներ է կատարում ֆեյսբուքում, ինչով էլ վաստակել է շատ ընդդիմադիրների համակրանքը: Նրա բոլոր գրառումները արժանանում են «ծափահարությունների»:
2. Անկախ Հայաստան- ֆեյսբուքի ամենահայտնի «ֆեյքը»
Ֆեյսբուքում գրանցվել է 2012 թվականին
Անկախ Հայաստան անվան տակ ներկայացող կնամոլ և սերիալագետ երիտասարդին ֆեյսբուքում այնքան են սիրում, որ երբ նրա էջը ջնջվել էր, մարդիկ հատուկ էջեր էին բացում #saveAnkakh անունով: Նրա գրած բոլոր ստատուսները, անգամ հասարակ «բարի լույս»-ն ու «բարի գիշերը» լայքերի պակաս չեն ունենում:
3. Նավակ ճոճողը - քաղաքացիական ակտիվիստ և ակտիվ ֆեյսբուքցի
Ֆեյսբուքում գրանցվել է 2010 թվականին
Նավակ ճոճողը կամ նույն ինքը` Վիլեն Գաբրիելյանը, ուշադրության կենտրոնում գտնվող և ամենից շատ սկանդալների մեջ հայտնվող քաղաքացիական ակտիվիստն է: Վիլենն իր ստատուսների տակից երբեք չի հեռացնում հակառակ հայացքներ ունեցող մարդկանց մեկնաբանությունները, հակառակը` «սիրով» պատասխանում է բոլորի մեկնաբանություններին ու հայտնվում հերթական սկանդալի կենտրոնում:
Վիլենի էջում բացի քաղաքական ստատուսներից նաև շատ են լայքվում նրա որդու լուսանկարները, ով հասցրել է դառնալ ֆեյսբուքցիների սիրելին:
4. Լուսինե Բադալյան- սիրված հաղորդավարուհի
Ֆեյսբուքում գրանցվել է 2010 թվականին
Լուսինե Բադալյանն այն բացառիկ հեռուստադեմքերից է, ով երբեք անմասն չի մնում երկրում կատարվող իրադարձություններին և միշտ իր կարծիքն է հայտնում ամեն ինչի վերաբերյալ: Լուսինեի գրառումները անմիջապես տարածվում են բոլոր կայքերում:
5. Լիլիթ Հովհաննիսյան- ամենաքննարկվող հայ երգչուհին
Ֆեյսբուքում գրանցվել է 2011 թվականին
Լիլիթ Հովհաննիսյանն հայկական շոու-բիզնեսում այն բացառիկ երգչուհիներից է, ով շատ ճիշտ է աշխատում համացանցում իր լսարանի հետ, նա կարողանում է պահել ինտրիգը, իր անձի նկատմամբ հետաքրքրությունը: Լիլիթի գրառումների և լուսանկարների լայքողներից և քոմենթողներից կարելի է նույնիսկ հատուկ աղանդ ստեղծել` «Լիլիթի վկաները»: Նրա լայքերի հետ մրցելը գրեթե անհնար է:
6. Շուշան Երիցյան- մոդել, դերասանուհի և պարզապես գեղեցիկ հայուհի
Ֆեյսբուքում գրանցվել է 2010 թվականին
Շուշանին վստահորեն կարելի է համարել ֆեյսբուքում ամենաշատ լայքվող աղջիկ: Ինչ լուսանկար էլ որ տեղադրի, ինչ գրառում էլ որ անի, ընդամենը րոպեներ անց լայքերի թիվը անցնում է հարյուրները, և էլ չեմ ասում քոմենթների թիվը ... և, ինչու ոչ, նաև բովանդակությունը: Դե Շուշանն էլ օգտվում է իր այս «հայտնիությունից» ու օրը գոնե 1-2 լուսանկարով ուրախացնում իր երկրպագուներին:
7. Արմեն Աշոտյան- ՀՀ Կրթության և գիտության նախարար
Ֆեյսբուքում գրանցվել է 2010 թվականին
Արմեն Աշոտյանը հայ քաղաքական գործիչների ֆեյսբուքյան նախահայրն է: Նա առաջինն էր, ով տարբերվելով շատերից և բազմաթիվ կարծրատիպեր կոտրելով, բոլորի համար հասանելի դարձավ վիրտուալ տիրույթում: Շատ հաճախ նրա ֆեյսբուքյան ակտիվությունը դառնում է անգամ հումորային հաղորդումների թեմա, բայց դա չի խանգարում ակտիվ ֆեյսբուքցի նախարարին անգամ ֆլեշմոբերի մասնակցել:
8. Հայկ Մարության- Կարգին Հայկո
Ֆեյսբուքում գրանցվել է 2011 թվականին
Կարգին Հայկոն իր քաղաքացիական ակտիվությամբ հետ չի մնում Հովհաննես Ազոյանից: Շատ հաճախ հայտնվելով ընդդիմադիր շարժումների, բողոքի ակցիաների ու բարեգործական միջոցառումների կիզակետում, Հայկոն շահում է բոլորի լայքերը:
9. Գոռ Հակոբյան-«Ֆուլ Հաուսից» հայտնի թու-թու-թույն Ֆելոն
Ֆեյսբուքում գրանցվել է 2010 թվականին
Դեռ «Անտիվիռուս» նախագծից Գոռը վայելում էր իր երկրպագուների մեծ բանակի սերը, իսկ «Ֆուլ Հաուս» սիրված սիթքոմում նրա հետաքրքիր կերպարն էլ ավելի կրկնապատկեց նրանով մարդկանց հետաքրքրվածությունը: Բացի այդ Գոռը շատ հաճախ է դիպուկ ստատուսներ գրում քաղաքական ու հասարակական տարբեր խնդիրների վերաբերյալ:
10. Արամ mp3
Ֆեյսբուքում գրանցվել է 2013 թվականին
Արամի ֆեյսբուքյան հաջողությունները սկսվեցին նրա` Եվրատեսիլին մասնակցելուց հետո: Մինչ այդ միայն լավ երաժշտական կատարումներով ու սուր հումորով աչքի ընկած երիտասարդը միանգամից հայտնվեց սկանդալների կենտրոնում` էլ համասեռամոլների գրոհ, էլ Կոնչիտա-Արամ մենամարտեր, էլ Եվրատեսիլյան սելֆիներ... և նա դարձավ այդ շրջանում ամենից շատ լայքվող ֆեյսբուքցին: Այսօր, երբ մրցույթից գրեթե 1 տարի է անցել, նրա էջի ակտիվությունը չի պակասել: Ամեն մի նոր գրառում էլի մեծ սիրով է ընդունվում:
11. Նազենի Հովհաննիսյան- ամենաինտելեկտուալ հայ հաղորդավորուհին
Նազենի Հովհաննիսյանն, ինչպես եթերում, այնպես էլ ֆեյսբուքում, աչքի է ընկնում բոլորից տարբերվող իր ճաշակով ու ուրույն ոճով: Նրա մտքերը, գրքերից մեջբերումները, տարբեր երկրներում հանգստից արված լուսանկարները չեն վրիպում ոչ մի կայքի ու ֆեյսբուքցու աչքից: