Շնորհալի լուսանկարիչ Անիլ Նեուպանը բնակվում է Նեպալում։ Նա սքանչելի մանրակերտ կոմպոզիցիաներ է ստեղծում, որոնք խոր տպավորություն են գործում դիտողների վրա։ Նրա լուսանկարներն աչքի են ընկնում իրենց բանաստեղծականությամբ ու սյուրռեալիստական ոճով։ Ստորև ներկայացված կարճ հարցազրույցում նա պատմում է իր ստեղծագործական գործընթացի, անցած ուղու ու անձնական կյանքի մասին։

Մի քանի բառով պատմեք Ձեր մասին։
Ես 22 տարեկան եմ։ Մեծացել եմ Նեպալում՝ Պատան կոչվող փոքրիկ քաղաքում։ Սա Նեպալի գողտրիկ անկյուններից, որն աչքի է ընկնում համեղ խոհանոցով, գեղեցիկ ճարտարապետությամբ ու համեստ բնակիչներով։ Ես հեռացա իմ հայրենիքից՝ Հնդկաստանում հաշվապահություն սովորելու համար, սակայն այնտեղ ես հայտնաբերեցի իմ իսկական առաքելությունը, իմ տարերքը՝ լուսանկարչությունը։ Ես դուրս մնացի համալսարանից և որոշեցի ժամանակս նվիրել լուսանկարչական գործունեությանը։ Հիմա ես իմ ընկերների հետ միասին մի փոքրիկ լուսանկարչական ստուդիա եմ ղեկավարում Կատմանդու քաղաքում։ Մինչ օրս գործերս շատ լավ են գնում, և ես հույս ունեմ, որ մի օր մեծ բարձունքներ կգրավեմ լուսանկարչության ասպարեզում։
Ի՞նչն է մղում Ձեզ մանրակերտ լուսանկարներ ստեղծել։
Ես միշտ հիացած եմ եղել միջատների ու բզեզների փոքրիկ աշխարհով։ Ես հաճախ եմ ուսումնասիրում նրանց ու պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե մենք ինքներս այդքան փոքր լինեինք ու ապրեինք նրանց աննշան աշխարհում։ Իմ ֆոտոշարքերի միջոցով ես պարզապես փորձում եմ արտահայտել իմ հիացմունքը։
Կարո՞ղ եք նկարագրել Ձեր ստեղծագործական գործընթացը ու պատմեք, թե որքանով է կարևոր լուսանկարների հետագա մշակումը։
Իմ ստեղծագործական գործընթացը սովորաբար սկսվում է սյուժետային գիծը պատկերացնելուց։ Երբ ինչ-որ միտք եմ հղանում, որը կարելի է արտահայտել լուսանկարչության մեջ, ես նկարում եմ այն թղթի վրա, և հետագա ողջ գործընթացը կառուցվում է դրա վրա։ Ես պարզապես նախնական մտահղացմանն ավելացնում եմ տարրեր, որոնք հարստացնում են պատկերը։ Դա օգնում է նախապես պատկերացնել, թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը։ Ես միայն դրանից հետո եմ ձեռքս առնում ֆոտոխցիկն ու սկսում լուսանկարել։ Ես սովորաբար փորձում եմ իմ լուսանկարներում առավելագույնս բնական լուսավորություն օգտագործել։ Հետո ես փորձում եմ «Photoshop» ծրագրի օգնությամբ միացնել այսպես ասած գեղանկարն ու լուսանկարը։ Լուսանկարների հետագա մշակումն իմ աշխատանքային գործընթացի շատ կարևոր մասն է կազմում։ Դա հենց այն մասն է, որում հրաշքներ են տեղի ունենում։
Լուսանկարչությունից բացի ուրիշ ի՞նչ հոբբիներ ունեք։
Ես սիրում եմ կիթառ նվագել, կինոնկարներ դիտել, նկարել, ճանապարհորդել, համեղ սնունդ ճաշակել ու նոր մարդկանց հետ հանդիպել։
Ապագայի ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունեք։
Իմ երազանքն է ճանապարհորդել աշխարհով մեկ և ուսումնասիրել տարբեր վայրերը։ Ես ցանկանում եմ համբավ վաստակել որպես լուսանկարիչ ու իմ ստեղծագործությունների շնորհիվ որոշակի ազդեցություն գործել մարդկանց վրա։ Դա բավականին բարդ նպատակ է, սակայն ես ջանք ու եռանդ չեմ խնայի այն ի կատար ածելու համար։
Ի՞նչ խորհուրդ կտայիք սկսնակ լուսանկարիչներին։
Այս խորհուրդս ոչ միայն լուսանկարիչների, այլև բոլոր ընթերցողների համար է։ Հետևեք Ձեր երազանքին ու զբաղվեք Ձեր սիրած գործով։ Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի նվիրեք այն ինչ-որ բանի, որը Ձեր սրտով չէ։ Փորձեք առաջ շարժվել։
Իսկ այս խորհուրդս հատկապես լուսանկարիչներին է վերաբերում։ Ավելի շատ լուսանկարեք ու մի վախեցեք փորձարարությունից։ Ոգեշնչվեք այլ լուսանկարիչների աշխատանքով ու չափազանց մեծ կարևորություն մի տվեք, թե ինչ լուսանկարչական ապարատով եք նկարում։ Ինչ սարք էլ որ օգտագործեք, կարևորն այն է, որ զարգացնեք Ձեր հմտությունները։

















