Tert.am-ը գրում է.

Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկներիմասնակցության  անվտանգությունն ապահովվելու է ամենաբարձ մակարդակով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Ֆեդերացիաների հետ կապերի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը:

«Երաշխիքները տրված են և՛ միջազգային օլիմպիական կոմիտեից, և՛ Ադրբեջանի կառավարությունից, Նախագահից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է՝ մեր մարզիկների նկատմամբ որոշ սահմանափակումներ լինեն, ապա նա ասաց, որ եթե խոսքը վերաբերում է նրան, որ մարզիկները դուրս չեն գալու քաղաքում շրջելու, ապա իրենց անվտանգությունից ելնելով՝ այո։

«Սակայն եթե սահմանափակումներ ասվածը վերաբերում է այնպիսի անհեթեթ բանի, որ հաղթելու դեպքում դրոշը չի բարձրանա, ապա դա բացառվում է»,-ասաց նա։

«Եվրոպական ինտեգրացում» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը հայ մարզիկների մասնակցության դեպքում առաջնահերթ համարեց անվտանգության խնդիրը:

«Եթե որոշվել է մասնակցել, ուրեմն անվտանգության երաշխիքները տրվել են»,-ասաց նա և հիշեցրեց, որ չնայած դրան, Բաքվում էլի եղել են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ մարզական, երբ անվտանգության խնդիրները, թեև լուծված էին, սակայն ֆոնային բազմաթիվ խնդիրներ կային:

«Եթե այդ ամեն ինչը լուծված է, և եղել է համաձայնություն, այդ պարագայում մասնակցելն ավելի ընկալելի և հասկանալի է: Այսինքն` մենք չպետք է մոռանանք, որ գտնվում ենք բանակցային գործընթացում, որտեղ շոշափվում է վստահության միջոցների հարցը:  ՀՀ-ի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ որքան հնարավոր է՝ մենք մեր նպաստը բերենք վստահության միջոցների ձևավորմանը, հետևաբար, եթե մարզիկների համար խնդիրներ չկան, դա ամենանորմալ լուծումն է»,-ասաց նա:

Կարեն Բեքարյանն ասաց, որ այլ հարց է, եթե լիներ գլոբալ բոյկոտ եվրոպական մի շարք երկրների կողմից`Ադրբեջանի մարդու իրավունքների, ժողովրդավարության և այլ խնդիրներ հետ կապված:

«Հայաստանը չէ, որ դա պետք է նախաձեռներ, եթե նման բան լիներ Հայաստանը կարող էր միանալ, սակայն դեռ միայն նման կոչեր ենք տեսնում, իսկ փաստեր՝ ոչ, Հայաստանի կողմից դա իրականացնելը, չեմ կարծում, որ ընկալելի լիներ»,-ասաց նա:

Քաղաքագետը հույս հայտնեց, որ Ադրբեջանում սադրանքներ չեն լինի, քանի որ եթե մասնակցության որոշում է կայացվել, ամեն ինչ հաշվի է առնվել:

«Կարծում եմ, որ իրենք էլ գիտակցում են, որ եթե նման բան տեղի ունեցավ, դա ոչ միայն իրավիճակի սրում կբերի, այլ կրկնակի, եռակի բարդություն քաղաքացիների համար»,-ասաց նա:

Ըստ նրա` տրամաբանությունը նաև հուշում է, որ այդ խաղերի ժամանակ սահմանի լարվածությունը, Ադրբեջանի ոտնձգությունները կնվազեն, քանի որ միջազգային հանրության ուշադրությունը կսևեռվի այդ խաղերին, սակայն քաղաքագետը նկատեց նաև, որ մեկ անգամ չէ, որ համոզվել է, որ Ադրբեջանի իշխանության քայլերի մեջ տրամաբանություն գտնելը անշնորհակալ գործ է:

«Ադրբեջանի գործող իշխանությունները՝ ալիևյան կլանը, այնպես չէ, որ միշտ գործել  է այն շրջանակներում, որոնք կարելի է դիտարկել տրամաբանության , իմիջի ներքո»,-ասաց նա:

Քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, ճիշտ հակառակը, գտնում է, որ չպետք է մասնակցել այդ խաղերին:

«Ես, օրինակ չէի գնա, քանի որ այդտեղ եղել է հայոց  ցեղասպանություն, մինչ այնտեղ գնալը պետք է նրանք ներողություն խնդրեին ադրբեջանահայության ցեղասպանության համար»,-ասաց նա:

Նա գտնում է, որ դա ոչ թե բոյկոտ կհամարվեր, այլ պահանջ, որ ճանաչեին ցեղասպանությունը, և աշխարհն իմանար այդ մասին: 

«Չի կարելի գնալ մի քաղաք, որտեղ եղել է հայոց ցեղասպանություն, և որևէ ձևով ապաշխարանքի խոսք չի հնչել»,-կարծում է նա:

Ըստ  քաղաքագետի` չգնալով, Հայաստանը միջազգային հանրության առջև ավելի շատ հարցեր կարող էր բարձրացնել, քան գնալով:

«Ադրբեջանահայությունը կարող է հանդես գալ հայտարարությամբ, որ դատապարտում է  հայ մարզիկների ներկայանալը մի քաղաքում, որտեղ ցեղասպանություն է եղել,և  ոչ մի կերպ այն արձագանք չի գտել»-ասաց նա և նշեց, որ գնալով ստվեր է գցվում այդ գործընթացի վրա:

Նա նաև հատկանշական համարեց այն, որ մեր մարզիկների նկատմամբ հսկողություն է լինելու:

«Մի տեղ, որտեղ քեզ պետք է հսկեն չի կարելի գնալ»,-ասաց նա:

Այն դիտարկմանը, որ դա արվում է անվտանգությունից ելնելով, պրոֆեսորն այսպես պատասխանեց. «Ուրեմն այնտեղ վտանգավոր է»:

Նա նաև նշեց, որ Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է:

«Այս խաղերով նա իր վարկն է բարձրացնում, փոխանակ մենք բողոքենք, թե ինչու է Եվրոպան Բաքուն ընտրել, գնում ենք և բարձրացնում ենք Ադրբեջանի հեղինակությունը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել