Լսեցի երգը: Միշտ հիացել եմ քույրերի ձայնով: Ինձ համար իրենք վատ երգ չունեն. ինչ էլ երգեն, մտնում ա սիրտդ: Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել:
Միտքս քիչ այլ է: Վաղուց եմ ուզել խոսել այս մասին: Հուսամ՝ կհասկանաք:
Ուզում եմ ուղղակի իմանալ՝ ինչի՞ համար է արվում սա: Ինչի՞ համար ենք երգում մեր ցավի մասին՝ հայերենով: Մի՞թե կա մեկը մեզանում, ով չի զգում էս ցավը, ով չգիտի, ինչ է եղել: Կա՞ մեկը, ում գերդաստանից ճյուղ չի կտրվել: Ինչի՞ համար եք ինձ հիմա պատմում, թե ինչ է եղել ու ինչպես է եղել: Ես դա գիտեմ: Ինձ միայն դուդուկի ձայնը հերիք է, որ մտովի թերթեմ ընտանեկան ալբոմը, անցնեմ Ծիծեռնակաբերդի թանգարանի սրահներով, հասնեմ Բայզետ, Մուշ, Վան, դառնամ ետ ու փարվեմ Մասիսին... Ինձ «Դլե յամանը» հերիք է, հասկացե՛ք:
Եթե ունեք գումար, ունեք ցանկություն, ուզում եք ինչ-որ կերպ օգնել էս հարցում, հերի՛ք է «մղկտացնեք» էս՝ առանց այն էլ դառնացած ժողովրդին, մի համաշխարհային աստղի գտե՛ք ու երգ պատվիրեք էս թեմայով, թո՛ղ երգեն, թո՛ղ աշխարհն իմանա, մեզ էդ ա պետք... Թե չէ ինչի՞ս են պետք տեղական աստղերի արցունքոտ աչքերն ու վշտամորմոք երգերը... Ես իրենցից լավ ու առանց իրենց էլ կարող եմ տխրել...
ՀԳ. Իսկ երգը շատ լավն է՝ թե՛ տեքստը, թե՛ երաժշտությունը, թե՛ կատարումը, բայց առակս այլ բան կցուցանե: