1in.am-ը գրում է․
Մամուլն արդեն հաստատված է համարում այն վարկածը, համաձայն որի՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների վրա կրակել է Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շրջապատից Գաստրիկ մականունով շենգավիթցի մեկը, ով ներկայումս սպանությանը մասնակից իր ընկերների՝ Ծգլի ու Տլեի հետ փախուստի մեջ է, և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Գրվեց նաև, որ սպանության դրդապատճառներից մեկն էլ եղել է այն, որ Գաստրիկը բավական լարված հարաբերություններ է ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ:
«Առաջին լրատվական»-ին հաջողվեց պարզել, որ այդ լարվածությունը տարիների վաղեմություն ունի, որը գալիս է դեռևս 2007 թվականից, երբ օրը ցերեկով Սայաթ-Նովա փողոցում դիմահար կրակոցից սպանվեց 3-րդ մաս կոչվող թաղամասում գտնվող «Քաղցրիկ» ընկերության սեփականատեր Աշոտ Վարդանյանը՝ Քաղցրիկի Աշոտը: Դեռևս այն ժամանակ գրվեց, որ Աշոտի սպանության մեղավորը նրա հորեղբոր տղան էր՝ Գագիկ Վարդանյանը: Հորեղբորորդիներ Գագիկ և Աշոտ Վարդանյանները համատեղ բիզնես ունեին, սակայն հենց նույն բիզնեսը կիսել չկարողանալու պատճառով թշնամացել էին, և այդ թշնամանքը փոխանցվել էր նրանց որդիներին, ինչը նաև ստիպեց նրանց ավելի ուշ վրեժ լուծել միմյանցից:
Այդ վրեժխնդրության հաջորդ դրսևորումը եղավ Աշոտի սպանությունից կարճ ժամանակ անց: 2007-ի մայիսի 9-ին վերջինիս «մարդիկ» հենց 3-րդ մաս կոչվող թաղամասում խփեցին Գագիկի որդիներից մեկին՝ Ստեփան Վարդանյանին: Հենց այս սպանությանն էր ականատես եղել 31-ամյա Լևոն Ղուլյանը, որը ոստիկանություն էր տարվել և հարցաքննվել Ստեփանի սպանության գործի շրջանակներում, սակայն սպանությունից 3 օր անց ոստիկանության շենքի պատուհանից «ընկավ» և մահացավ:
Վրեժխնդրությունն այդքանով չավարտվեց: Ստեփանի սպանությանը հաջորդեց Աշոտի որդիներից մեկի սպանությունը: 2007 թվականի հուլիսի 7-ին Երևանի Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հրազենային կրակոցներից սպանվեց 3 հոգի՝ 33-ամյա Արտավազդ Վարդանյանը՝ նույն ինքը «Քաղցրիկ»-ի Արտյոմը, նրա աներորդին՝ 30-ամյա Վարդան Մելիքյանը, և վարորդը՝ 43- ամյա Գրիգոր Ստեփանյանը: Արտյոմին կրակել էին հենց հոր շիրմաքարի մոտ:
Նշենք, որ երկու եղբայրների հակամարտության ամբողջ ընթացքում Երրորդմասցի Լյովիկը եղել է Աշոտի ու նրա որդիների կողմնակիցը՝ համարելով, որ նրանց հորեղբորորդիները սխալ են վարվել: Իսկ բոլորիս արդեն քաջ հայտնի Գաստրիկը այդ ժամանակ էլ եղել է Գագիկ Վարդանյանի շրջապատից և այդ ժամանակ տեղի ունեցած բոլոր սպանությունների ակտիվ մասնակիցը: Ավելին, դեռևս այդ ժամանակ խոսվում էր, որ հենց Գաստրիկն է կրակել Քաղցրիկի Աշոտի վրա: Դեռևս այդ ժամանակ է Երրորդմասցի Լյովիկը զգուշացրել Գաստրիկին, որ նա «չի մարսի կատարածը»՝ Գագիկի շրջապատին և մարդկանց բաց տեքստով ասելով, որ ինքը «Քաղցրիկի» Աշոտի ու նրա որդիների կողմնակիցն է:
Բայց Գագիկի շրջապատն էլ վատ «կողմնակիցներ» չուներ: Գագիկի մտերիմ ընկերն էր համարվում քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը, ով հենց պարտակում էր սպանությունների բոլոր գործերը: Ում աշխատասենյակի պատուհանից ցած ընկավ Լևոն Ղուլյանը: Թամամյանն այդ օրերին իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ «սրանք շարունակական սպանություններ են: Առաջինը Էդիկն է, որ չկա: Երկրորդը՝ «Քաղցրիկի» Աշոտը, ում զավակների ձեռքով է Էդիկն անհետացել: Երրորդը՝ Ստեփան Վարդանյանի ընկերոջ վրա կատարված մահափորձը: Չորրորդը՝ Աշոտ Վարդանյանի տղայի ընկերների կողմից սպանված Ստեփանն է: Էլի են սպանություններ լինելու, եթե բարձրաստիճան ոստիկանները սրա առաջը չառնեն ու էս սպանությունների շարանը չբացեն»:
Նշենք, սակայն, որ այս բոլոր սպանություններով էլ, իհարկե, քրեական գործեր հարուցվեցին, ինչ-որ անհայտ մեղավորներ ի հայտ բերվեցին (իսկ որոշ դեպքերում այդպես էլ մեղավորներ չհայտնվեցին), բայց բոլոր գործերը հաջողությամբ կոծկվեցին, և գլխավոր մեղավորները երևան չհանվեցին:
Վերը նկարագրվածից հետևում է, որ Գաստրիկը ինչ-որ պատահական մեկը չէ: Նա եղել է մի շարք սպանությունների հեղինակ ու կազմակերպիչ, որոնք իշխանական հովանավորության արդյունքում (ի դեմս Հովհաննես Թամամյանի) մեծ հաջողությամբ պարտակվել են, և նա միշտ ջրից չոր է դուրս եկել:
Այս դեպքերին քաջատեղյակ մեկը մեզ պատմեց, որ նրանց հակասությունը, ինչպես արդեն նշեցինք, հենց այստեղից էր գալիս: «Ճիշտ է, Գաստրիկի նման տականքների հետ Երրորդմասցի Լյովիկը շատ այլ հակասություններ, չլուծված հարցեր կարող էր ունենալ, սակայն Աշոտենց ու Գագոյենց հարցերը, սպանությունները հիմնական խնդիրներից ու հակասություններից մեկն էին»,- ասաց մեր զրուցակիցը: