
Ժամանակին դաջվածքներով մոդելները փոքրամասնություն էին կազմում մոդելային արդյունաբերության մեջ, սակայն վերջին տարիներին նրանց թիվն սկսել է աճել։ Քեյթ Մոսը, Կարա Դելևինը, Ռոզի Հանթինգթոն Վայթլին վերջերս «Vogue» ամսագրի ֆոտեսեսիայի ժամանակ ի ցույց են դրել իրենց մարմնի դաջվածքները։ «Ֆեյշն» ուղղության մեջ մասնագիտացած լուսանկարիչ Քրիստիան Սեինթն կարծում է, որ մոտ ապագայում դաջվածքներով մոդելներն ավելի մեծ պահանջարկ կունենան։ Վերջին ութ տարիներին այս լուսանկարիչը բացառապես դաջվածքներ ունեցող մոդելների է լուսանկարել։ Նա ավելի քան 20 տարի է, ինչ աշխատում է նորաձևության ասպարեզում։ Վերջերս լույս ընծայվեց լուսանկարիչ «Tattoo Super Models» գիրքը, որում զետեղված են դաջվածքներով մոդելների լուսանկարներ։ Նա ասում է, որ ցանկանում է իր արվեստով կոտրել կարծրատիպերն ու մարդկանց հասկացնել, որ գոյություն ունի նաև այլընտրանքային գեղեցկություն, որը դուրս է ստանդարտներից։ Այս լուսանկարչի ֆոտոշարքերի բոլոր կանայք աչքի են ընկնում սլացիկ մարմնով, սակայն դաջվածքներն են, որ առանձնահատուկ հմայք ու հետաքրքրություն են հաղորդում նրանց։ 1993 թ.-ին, երբ Քրիստիանը նոր էր սկսել իր գործունեությունը, նա դժվարությամբ էր կարողանում դաջվածքներով մոդելների գտնել, քանի որ մոդելային աշխարհում դաջվածքներն այն ժամանակ շատ սահմանափակ տարածում ունեին։ Ստորև ներկայացվող բոլոր լուսանկարների մոդելներն աչքի են զարնում իրենց արտաքինով, սակայն նախավերջին լուսանկարը կարող է տարօրինակ թվալ անգամ ամենաառաջադիմական հայացքներով մարդկանց։




![]() |
![]() |





