Մեր երկրում Եվրատեսիլ մրցույթը շատ է կարևորվում և հավասարեցվում է ասենք «Օսկարի» մրցանակաբաշխությանը, բայց ամեն տարի մենք այդ մրցույթին մասնակցում ենք անպատրաստ և թերի: Երբ ներկայացվեց այս տարվա մասնակցության գաղափարը, այն հետաքրքրեց շատերին:
Մասնակից երգիչներից հինգը մեր հասարակությանը անծանոթ են, և նրանց հնարավորությունների մասին որևէ բան ասել չէինք կարող, իսկ Ինգա Արշակյանի մասին էլ ավելի լավ է չխոսեմ: Երեկ հանրությանը ներկայացվեց այն երգը, որը հնչելու է Եվրատեսիլի բեմահարթակից: Սպասելիքներս չարդարացան, քանի որ երգը, մեղմ ասած, անիմաստություն էր: Եթե այն լսելիս չես փշաքաղվում, որևէ էմոցիա չի առաջանում լսողի մոտ, ապա երգը դատապարտված է ձախողման: Նախ երգում չկար ոչ մի հայեցի բան, որով էլ ընդգծվեր Եղեռնի փաստը, հետո էլ՝ երգիչները կարծես իրենց ամպլուայի մեջ չէին և ուղղակի երգում էին: Հանրային Հեռուստաընկերությունը նախապատրաստական փուլում հաշվի չի առել մի շատ կարևոր հանգամանք, որ այս երգը ներկայացվելու է Կոնչիտայի երկրում, և այդ օրերին կոնչիտաներն այդ դահլիճում լինելու են անհամեմատ ավելի շատ, և նրանց՝ եվրոպացի հանդիսատեսին, այսպիսի երգեր չեն հետաքրքրում:
Մի խոսքով՝ նորից անիմաստ ծախսված գումարներ, Արմեն Մարտիրոսյանի կողմից Հանրային Հեռուստաընկերության վրա նաղդած երգ, նորից պարտություն, իսկ հետո Գոհար Գասպարյանի կողմից սպասվելիք լալա-լյուլյաներ: Այս մրցույթին ով և ինչ երգով պետք է մասնակցի, թողեք՝ որոշի նաև ժողովուրդը, ոչ թե նստեք դուք ձերոնցով մի սենյակում և որոշումներ կայացրեք, հետո էլ յալվար ընկնեք մեր սփյուռքահայերին, որ ձայն տան, էդ մարդիկ հո կրակը չե՞ն ընկել ձեր ոչ պրոֆեսիոնալ որոշումների ձեռքը:
Մենք այս մրցույթում երբևէ հաղթանակ չենք ունենա, քանի դեռ մրցույթին մոտենում ենք հայավարի, ուղարկում ենք նրանց, ովքեր բարեկամ են, կամ ում պրոդյուսերն է ավելի հարուստ և ուժեղ, «ընտրում» եք այն երգը, որի հեղինակը ձեզ ընկեր է կամ էլ էժանով եք երգը կպցնում, և արանքը որոշ գումար էլ ձեզ է մնում: Ես վստահ եմ, որ այս տարվա երգն արդեն իսկ ձախողված է, և միայն մեր սփյուռքի հայրենակիցներին շատտտտ յալվար ընկնելու և ձայներ մուրալու շնորհիվ է միայն հնարավոր, որ այս երգը կիսաեզրափակիչ փուլից անցնի եզրափակիչ փուլ: