Որքան հիշում եմ՝ 2006 կամ 2007 թիվն էր: Ես դեռևս ԱԺ պատգամավոր չէի, իսկ Վարդան Օսկանյանն ԱԳ նախարար էր: Ռումինիայի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարություններն անձնական հրավեր էին ուղարկել ինձ մասնակցելու ՆԱՏՕ-ի և իրենց համատեղ միջոցառմանը: Այն բացառապես վերաբերում էր Ռումինիա-ՆԱՏՕ հարաբերություններին, գործողությունների ծրագրի իրականացմանը: Թերևս, Հայաստանից հրավիրվածիս համար այն ավելի շատ ուսուցողական նշանակություն ուներ՝ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որը նոր-նոր էր ստորագրվել Հայաստանի հետ: Մեկ հրավեր էլ ստացել էր Հայաստանի ԱԳՆ-ը: Փաստորեն, Հայաստանից երկու մասնակից պետք է լիներ. ես՝ որպես փորձագետ, և մեկը ԱԳՆ-ից: Երբ գնացի Ռումինիայի դեսպանություն վիզայի համար, երկու ընկերներս (մեկը դեսպանի պաշտոնակատար, մյուսը՝ հյուպատոս) դիմավորեցին ծիծաղը դեմքներին: Մինչ ես բառ կասեի, նրան հարցրեցին. «Ստեփան, ի՞նչ խնդիր կա Ձեր և ԱԳՆ-ի միջև»: Պատասխանեցի՝ «ոչ մի»: Ապա մի այնպիսի բան հայտնեցին, որից հետո ականջներիս չէի հավատում. ասացին՝ «Գիտե՞ս, որ ձեր ԱԳՆ-ը քո մասնակցությունն անցանկալի է համարել այդ միջոցառմանը և նոտա է հղել մեզ»: Զարմանքից քար կտրած՝ հարցրեցի. «Եվ դուք ի՞նչ եք պատրաստվում անել»: Դիվանագետ ընկերներս ժպտալով պատասխանեցին. «Պատրաստվում ենք վիզադ արագ ձևակերպել ու քեզ հանձնել ինքնաթիռթիդ տոմսերը: Ձեր նախարարը տեղը չի բերում, որ սա մեր միջոցառումն է, մեր հրավերն է, Դուք մեր հյուրն եք, և մենք ենք որոշում»: Ռումինիայի դեսպանատնից դուրս եկա տխրած, մեծ ամոթով, որ ինձ պաշտպանել է այլ երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն, մինչդեռ իմ սեփական ԱԳՆ-ը փորձել է իմ ճանապարհը փակել.... Ես գնացի Բուխարեստ, ինձ փառահեղ դիմավորեցին, ճանապարհեցին, ու այս ամոթի մասին երբեք չպատմեցի: Եվ այժմ չեմ կարող այն չպատմել, երբ նույն Վարդան Օսկանյանը դարձել է իր իսկ դավանած խաղի կանոնի դաժան զոհը... Տխուր եմ, որ իմ երկրում այս արատավոր պահվածքն այդպես էլ չի փոխվել: Բայց գտնում եմ, որ ամեն մեկը, այդ թվում Վարդան Օսկանյանը պետք է վճարեն իրենց մեղքերի համար: Հետևաբար, պարոն Օսկանյան, մի զարմացեք, ինչ ցանել, այն էլ հնձում եք: Ի դեպ, հանուն արդարության ասեմ, ներկաներն ինձ հետ դեռևս այդպես չեն վերաբերվել, ինչպես Դուք.... դեռևս...
Կից նյութն այստեղ