Մինչև վերջերս ինձ զարմացնում էր այն, թե ինչպես են համացանցում ուկրաինական բազմաթիվ օգտատերեր հավատում նույնիսկ ամենաանամոթ ապատեղեկատվությանը, որը ստուգելու համար 20 վայրկյան է պահանջվում, եթե այդ ապատեղեկատվությունը կապված է Ռուսաստանի ու Պուտինի հետ։ Հիմա էլ չեմ զարմանում...
Չեմ զարմանում, որովհետև մեր հասարակության առայժմ փոքր շերտի մոտ նկատում եմ ադեկվատության նմանօրինակ կորուստ։ Արդեն երկու օր է, ինչ հայկական ֆեյսբուքում լայնորեն տարածվում են երկու թեմատիկ գրառումներ Պուտինի մասին. մեկում ասվում է, որ Պուտինն իսլամ է ընդունել, մյուսում ասվում է, որ Պուտինին կաթված է խփել, ու նա կամ մահացած է, կամ էլ հաշմանդամ է դարձել...
Ու ասենք զավեշտալին ի՞նչն է, որպես փաստարկ կարող ես լսել այնպիսի անհեթեթություններ ու ոչ թե ինչ-որ մանկահասակ երեխաների, այլ միանգամայն հասուն մարդկանց կողմից, որ հասկանում ես, որ մեր հոգեբուժարանները բազմաթիվ «կլիենտներ» ունեն, որոնցից տեղյակ էլ չեն։
«Արդեն 5 օր ա՝ Պուտինին Կրեմլում տեսնող չի եղել...»
«Բա ինչի՞ չեն հերքում...»
«Դա ակնհայտ է, որովհետև դա ակնհայտ է...»
Սիրելի ռուսատյացներ, կներեք իհարկե, բայց ո՞վ եք դուք, որ մի հատ էլ «Պուտինին տեսնողները» ձեզ կամ էլ ձեր նմաններին զեկուցեն ամեն անգամ, որ տեսել են։ Հերքելու մասով էլ Պեսկովը հերքել է, Սերժը հեռախոսազրույց է ունեցել հետը, ու պայմանավորվել են, որ ամսի 24-ին Երևան է գալու... էլ էդքանից հետո ինչո՞ւ հերքեն ու ի՞նչը հերքեն. ձեր բանականության խավարման հերթական արգասիքնե՞րը։ Իմա՞ստը։
Ու ասենք այնպես էլ ագրեսիվորեն են տարածում ու պաշտպանում առավելապես ուկրաիանական դեղին կայքերից արտատպած լուրերը, որ տարակուսում եմ, թե էս մարդիկ ինչ են անելու, երբ ողջ-առողջ Պուտինն ամսի 24-ին գա Երևան։ Բնականաբար, հայտարարելու են, որ դա Պուտինը չէ, այլ իր նմանակը, քանի որ դա անելն ավելի հեշտ է, քան ընդունել, որ իրենք ամիսներ շարունակ իրենց կոտոշավոր ապուշների պես էին պահում, ապատեղեկատվություն ու կեղծիք էին տարածում և ագրեսիվ կերպով պաշտպանում այդ ապատեղեկատվությունն ու կեղծիքը։
Պարոնայք, մի խառնվեք ռուսի ու ուկրաինացու կռվին, դա անշնորհակալ գործ է ցանկացած պարագայում, իսկ երբ խառնվում եք ամենավատ կողմից, ապա դա կրկնակի անշնորհակալ գործ է։