Tert.am-ը գրում է.
Եվրախորհրդարանը հինգշաբթի հաստատել է «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը աշխարհում» թեմայով իր ամենամյա զեկույցը, որում բոլոր եվրոպական երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին փոխանցում է Asbarez.com-ը:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Եվրախորհրդարանը բոլոր անդամ երկրներին կոչ է անում իրավաբանորեն ճանաչել այն և անդամ երկրներին ու ԵՄ հաստատություններին խրախուսում է նպաստել դրա հետագա ճանաչմանը», - ասվում է զեկույցի 77-րդ հոդվածում:
Ողջունելով զեկույցի ընդունումը` Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան հույս է հայտնել, որ Եվրամիությունը ճնշում կգործադրի Թուրքիայի վրա և կոչ կանի այդ երկրին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան ողջունում է այսօր Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը երրորդ երկրների հետ բանակցություններում ամենից վեր է դասում մարդու իրավունքները: Մենք այս զեկույցին սպասում էինք արդեն մի քանի տարի՝ ԵՄ Մարդու իրավունքների գծով հատուկ ներկայացուցչության ստեղծումից ի վեր, որը կոչված է ներկայացնելու ԵՄ արժեքները արտաքին քաղաքականության, առևտրի, էներգետիկայի կամ այլ թեմայի շուրջ բանակցություններում», - նշել է փստաբանական խումբը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), որը Եվրախորհրդարանի խոշորագույն քաղաքական խմբավորումն է, Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել` կոչ անելով Թուրքիային` ճանաչել այն:



