Այսօր՝ մարտի 12-ին, Եվրախորհրդարանը ընդունել է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը, որտեղ որոշ պարբերություններ վերաբերում են Հայաստանին:
Մասնավորապես, փաստաթղթում կա հատված, որը «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը եւ խրախուսում ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը»:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (ՀԵԲ կայք) ջերմորեն ողջունում է Եվրոպական խորհրդարանի զեկույցը: ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Երկարատեւ ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ կրկին հավաստիացնում, որ ցեղասպանությունները եւ դրանց ժխտումը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում: Այս առանձնահատուկ տարվա ընթացքում մենք երախտապարտ ենք հայ ժողովորդի հանդեպ եվրոպական համերաշխության նման ուժեղ ազդանշանի համար»:
Ի հավելումն, Եվրոպական խորհրդարանի ընդունած տեքստը մասնավորապես ուշադրության տակ է վերցնում մարդու իրավունքների խնդիրը ԵՄ գործընկերների հետ հարեբերությունների համատեքստում: Իսկապես, զեկույցի առաջին պարբերության մեջ նշվում է, որ «Եվրոպական միության hիմնարար իրավունքների կանոնադրության նախաբանը հաստատում է, որ ԵՄ-ի գործունեության առանցքում գտնվում է անհատը եւ մարդկային արժանապատվությունը»: Զեկույցի մեջ ասվում է նաեւ, որ կատարողականի վրա հիմնված «ավելին ավելինի դիմաց» սկզբունքը պետք է լինի ԵՄ-ի՝ երրորդ երկրների հետ հարաբերությունների հիմքում, համաձայն որի ԵՄ-ն գործընկեր երկրներին պետք է համագործակցության առավել բարձր կարգավիճակ շնորհի բացառապես մարդու իրավունքները եւ ժողովրդավարության նորմերը բավարարելու դեպքում: ԵՄ-ն նաեւ չպետք է վարանի այդ կարգավիճակը սառեցնել նշված պահանջների չբավարարման դեպքում»:
«Գործնականում սա նշանակում է, որ Եվրոպական խորհրդարանը չի ցանկանում, որպեսզի երրորդ երկրների հետ գործ ունենալիս ԵՄ-ն զիջի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վերաբերյալ իր դիրքորոշումները»,- մեկնաբանում է պարոն Լորենցո Օչոան:
«Այս երկու պարբերությունները հստակեցնում են, թե ինչու են զեկույցում պնդում, որ մարդու իրավունքների դրույթները ներառվեն ԵՄ միջազգային համաձայնագրերում, ներառյալ առրեւտրի համաձայնագրերը: Այն նաեւ բացատրում է, թե ինչու է 215 պարբերությամբ հաշվետվությունն առավել ծավալուն՝ նույն հարցի վերաբերյալ անցյալ տարվա հաշվետվության համեմատ: Մենք շատ ուրախ ենք, որ ԵՄ-ն վերահաստատում է իր՝ արժեքների վրա հիմնված հեղինակությունը այս ծավալուն, սակայն հստակ հաշվետվությամբ»:
Ընդունված փաստաթուղթը նաեւ անդրադառնում է կրոնական փոքրամասնությունների իրավիճակին, մասնավորպես՝ Մերձավոր Արեւելքում՝ փոքրամասնությունների թվում նշելով նաեւ առաքելական հայերին: Այս պարբերություններով Խորհրդարանը «կոչ է անում ԵՄ-ին եւ նրա անդամ երկրներին երաշխավորել, որ կրոնական փոքրամասնությունները հարգվեն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքում, որտեղ քրիստոնյաները, ներառյալ կաթոլիկները, առաքելական հայերը, կոպտերը, եզդիներն ու մուսուլման փոքրամասնությունները հալածվում են Իսլամական պետության եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից»:
Հաշվետվությունը կազմել է ԵԽ պատգամավոր Պիեր Անտոնիո Պանզերին (Սոցիալիստներ եւ դեմոկրատներ, Իտալիա): Փետրվարի 9-ին այն ընդունվել է հանձնաժողովի մակարդակով եւ կհրատարակվի Եվրոպական խորհրդարանի կողմից առաջիկա օրերին: