Չգիտես՝ զարմանա՞ս, թե՞ զայրանաս այն մարդկանց վրա, որոնք իրենց կեղծ հայրենասիրությամբ գտնում են, որ Ազգային օլիմպիական կոմիտեի որոշումը Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերին մասնակցելու վերաբերյալ սխալ է:
Մտագարության հասնող ու տարօրինակ, անհեթեթ պատճառաբանություններով փորձում են ապացուցել, որ մեր հավաքականը չպետք է մասնակցի այդ մարզական խաղերին:
Մենք թուրք չենք, մենք հետամնաց չենք, մենք առաջադեմ պետություն ու հասարակություն ենք և պետք է անպայման մասնակցենք առաջին Եվրոպական մարզական խաղերին: Մենք պետք է ցույց տանք, որ անկախ սահմանային լարված իրավիճակից, անկախ ալիևյան ռազմատենչ քաղաքականությունից, մենք պատրաստ ենք երկխոսության, միջպետական, մարզական շփումներին, առավել ևս Եվրոպական համագործակցության շրջանակներում: Հերոսությունն ու հայրենասիրությունը դա է և ոչ թե հակառակը… Իսկ մեր մարզիկները, մեր թիմերը համարենք, որ դեսանտ են` իջեցված մեր թշնամի երկրի մայրաքաղաքում, և նրանք պետք է հաղթեն և անպայման հնչեցնեն մեր հիմնն ու բարձրացնեն մեր դրոշը:
Լրատվամիջոցները նման ոչ կառուցողական ու կեղծ հայրենասիրական գրառումների փոխարեն պետք է այդ մասին խոսեն, պետք է ոգևորեն մեր մարզիկներին և ամբողջ աշխարհին, հատկապես եվրոպական կառույցներին ցույց տան մեր առավելությունները, մեր առաջադիմական, կառուցողական, հանդուրժող լինելն՝ ի տարբերություն թուրք ազերիների…



