Ընթերցվածք` Ա Կորնթ. 8.5-9.23
«Բայց մեզ համար միայն մեկ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք նրանով. և` միայն մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք նրանով: Բայց բոլորի մեջ այս գիտությունը չկա» (8.6-7): Ս. Գիրքը մեզ հետ վերստին խոսում է մեր ճշմարիտ հավատի` Աստծով ապրելու գիտության մասին: Սակայն հստակ է, որ բոլորը չէ, որ մեր շրջապատում տիրապետում են այդ գիտությանը, ունեն այդ ճանաչողությունը և առավել ևս այդպես ապրում են: Դրա համար էլ սբ Պողոս առաքյալը (կուռքերին զոհաբերված միսը ուտելու օրինակի միջոցով) մեզ հորդորում է, որ մեր իմացությունից բխող ազատությունից այնպես օգտվենք, պատասխանատվությամբ ընկալենք, որպեսզի այն գայթակղություն չլինի այդ գիտությունը չունեցողների համար: «Բայց զգույշ եղեք, գուցե ձեր այդ ազատությունը գայթակղություն լինի տկարների համար» (8.9): Այս օրերին, երբ պահեցողության մեջ ենք ու հաճախ ներքին պայքարի մեջ ենք հայտնվում, հիշենք նաև մեր կողքին գտնվողներին, որոնց համար ևս Քրիստոս մեռավ և որոնց համար մեր գիտությունը կարող է կորստաբեր լինել:
Իրավացի է սբ Պողոսը` նշելով. «Եվ ուտելիքը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու: Եթե չուտենք, ոչնչով չենք պակասի, և եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա» (8.8), բայց և զգուշացնում է մեզ, որ «Եվ այսպես, հանցանք գործելով եղբայրների դեմ և վիրավորելով տկարների խղճմտանքը, դուք Քրիստոսի հանդեպ մեղանչում եք: Ուստի, եթե ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ» (8.12-13): Առաքյալի խոսքը ցույց է տալիս մեզ, թե նախ և առաջ ո´րն է ճշմարիտ պահեցողությունը:
Այսօրվա ընթերցումի երկրորդ խորհուրդը վերաբերում է քրիստոնյաներիս քարոզչական առաքելությանը` «Ավետարանից էլ ապրել», «մասնակից լինել Ավետարանին»: Մենք պարտավորություն ունենք մեր կյանքով և գործերով ավետարանելու այն բոլոր ճշմարտությունները, որոնք Աստծու շնորհով` Ս. Գրքի գիտությամբ և հոգևոր կյանքի փորձառությամբ բացվում են մեզ: Սակայն ինչպես ասում է առաքյալը, այդ գիտությունը և առաքելությունը մեզ համար ոչ թե պարծանքի առիթ պիտի լինեն, այլ պետք է պարտավորություն նկատվեն: «Բայց վա´յ է ինձ, եթե չավետարանեմ», - գոչում է առաքյալը: Հիրավի, այդպես է:
Եթե քրիստոնյա ենք, ապա ամեն ինչ պարտավոր ենք անել Ավետարանի` «Բարի Լուր»-ի` Քրիստոսի փրկագործող կամքի ու վարդապետության տարածման համար, որպեսզի ինքներս էլ մեր հերթին մասնակից լինենք Ավետարանին, հաղորդ դառնանք նրա կենսապարգև Խորհրդին: Այս մտորումներն առիթ թող տան մեզ առանձնության մեջ քննելու մեր ընթացքը և գտնելու մեր տեղը այդ կարևոր առաքելության մեջ: