Թերևս յուրաքանչյուր կին երազում է կատարյալ արտաքին, բարեկազմ ու սլացիկ մարմին ունենալու մասին: Բայց, ավա՜ղ, ոչ բոլորը կարող են պարծենալ այդ ամենով: Սակայն դա նաև չի նշանակում, որ պետք է տխրել, եթե ինչ-որ բան այնքան էլ Ձեր սրտով չէ: Չէ՞ որ գոյություն ունի հագուստ կոչվածը, որն օգնում է թաքցնել այս կամ այն թերությունը:
Հասկանալի է, որ Դուք ցանկանում եք անվերապահորեն հետևել նորաձևությանը, բայց մի՛ շտապեք և մինչև որևէ հագուստ գնելը, հայելու առջև մենակ մնալով՝ փորձեք հնարավորինս ինքնաքննադատաբար դիտել Ձեզ և համարձակություն ունենալ խոստովանելու, որ կան բաներ, որոնք պետք է քողարկել:
Ինչպիսի՞ն է Ձեր պարանոցը
Դուք Նեֆերտիտիի ժառանգորդուհին չե՞ք: Այլ կերպ ասած, Ձեզ բաժին է հասել կարճ և հաստլիկ պարանո՞ց: Այդ դեպքում Ձեզ հակացուցված են կարճ վզնոցներն ու պարանոցը երիզող գլխաշորերը, մեծ, ինչպես նաև բարձր օձիքները, քանի որ դրանք ավելի կընդգծեն այն, ինչը պետք է քողարկել: Պարանոցի ձևից է կախված նաև հագուստի լանջաբացվածքի ընտրությունը: Տվյալ դեպքում ավելի ճիշտ են առանց օձիքի սուր բացվածքները կամ փոքր օձիքները: Կարճ սանրվածքը կամ վերևում հավաքած մազերը դիտողականորեն կերկարացնեն պարանոցը:
Իսկ եթե Ձեր պարանոցը երկար և բարակ է, այդ դեպքում առանց վարանելու կարող եք վիզն ագուցող գլխաշոր, փակ կամ բարձր օձիքներ կրել:
Պարանոցի մաշկի խնամքը
Պարանոցի մաշկը շատ նուրբ է, ենթամաշկային ճարպաշերտը՝ չափազանց բարակ, ինչի պատճառով այն բավականաչափ սնունդ չի ստանում և ավելի արագ է ծերանում: Այդ պատճառով պարանոցը կնոջ մարմնի ամենախոցելի հատվածն է: Դիմահարդարներն ասում են, որ երբ դեմքի վրա հայտնվում է առաջին կնճիռը, պարանոցին արդեն ցայտուն կերպով նկատվում են «տարիքային օղակները»: Կզակի հատվածում նույնպես մաշկը չափազանց բարակ է, նուրբ և չոր: Այստեղ ամենից շուտ են առաջանում ճարպային կուտակումները, և տարիքի հետ դեմքի օվալը ձևափոխվում է:
Պարանոցի մաշկի վրա ծալքերի և կնճիռների, ինչպես նաև կրկնակզակի առաջացմանը նպաստում են հետևյալ սովորությունները`
Քնած ժամանակ գլխի սխալ դիրքը, որի պատճառը մեծ բարձն է: Պետք է քնել տափակ բարձի վրա:
Կարդալիս, գործելիս կամ այլ աշխատանք կատարելիս գլուխը կախած վիճակում երկար ժամանակ նստելը:
Ճիշտ կեցվածքը շատ կարևոր է` գլուխը բարձր, կուրծքը` առաջ, ուսերն ուղիղ:
Պարանոցի մաշկի խնամքի գլխավոր նախապայմանը մաքրությունն է: Պարանոցը պետք է ամեն օր մաքրել` լվանալով օճառով կամ օճառահեղուկներով: Կարելի է նաև օգտագործել խոտաբույսերի, օրինակ, երիցուկի, լորենու, անանուխի, կեչու բողբոջների, եղեսպակի թուրմեր: Այդ թուրմերից որևէ մեկի մեջ թրջած բամբակով զգուշորեն սրբեք պարանոցը: Կողքերից այն պետք է մաքրել վերից վար, իսկ կզակի տակ` ներքևից վերև:
Շարունակությունն՝ այստեղ