Interpress.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը շարունակ հրաժարվում է մասնակցել մի շարք հեռուստաընկերությունների առաջարկած բանավեճերին, որոնց մասնակցում են հիմնական կուսակցությունների առաջնորդները, այդ թվում ընդդիմադիր առաջնորդ Էդ Միլիբենդի հետ դեմ առ դեմ հանդիպմանը, ինչը կարող է վտանգել նրա հեղինակությունը խորհրդարանական ընտրություններից առաջ:

Բրիտանական հեռուստաընկերություններն առաջարկել են երեք բանավեճ անցկացնել, երկուսը ապրիլի 2-ին և 16-ին, 7 կուսակցությունների առաջնորդների միջև, ապրիլի 30-ին էլ, ընտրություններից մի շաբաթ առաջ, Քեմերոնի ու Միլիբենդի միջև: Լեյբորիստներն ու Լիբերալ Դեմոկրատներն ընդունել են, սակայն վարչապետը մերժել է:

Քրեյգ Օլիվերը, Քեմերոնի հասարակական կապերի տնօրենը, հեռուստաընկերություններին «վերջնական առաջարկ» է ներկայացրել 7 կուսակցությունների հետ բանավեճը մարտի 23-ին անցկացնելու վերաբերյալ, մինչև կողմերը կհրապարակեն իրենց մանիֆեստները:

Սակայն ընկերությունները մերժել են առաջարկը և հայտարարել, որ քննարկումները կկայանան նշված ժամկետում, իսկ վարչապետի ամբիոնը դատարկ կներկայացվի: Քեմերոնն այսօրվա ելույթում հաստատել է, որ չի մասնակցելու ծրագրված քննարկումներին, նշելով. «Ես առաջարկում եմ հեռուստատեսային բանավեճը սկսել մինչև քարոզարշավի մեկնարկը: Դա  իմ առաջարկն է և հույս ունեմ, որ այն կընդունվի, բայց ես չեմ փոխի իմ կարծիքը մյուս առաջարկների մասին», – ավելացրել է նա:

Առանց վարչապետի քննարկումներ անցկացնելը մրցակիցներին հնարավորություն կտա  Քեմերոնին ներկայացնել որպես ոչ ժողովրդավար ու բանավեճից վախեցած քաղաքական գործչի: Միլիբենդը, որի անձնական վարկանիշը զգալիորեն ցածր է Քեմերոնից, վարչապետին անվանել է «վախից փախչող»: Չնայած բողոքներին, You Gov-ի հարցումը ցույց տվեց, որ հասարակության մեծ մասը նրան մեղադրում է նախատեսված քննարկումներին անորոշություն հաղորդելու համար:

Սթրատքլայդ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջոն Կերտիսի կարծիքով, Դեվիդ Քեմերոնի խնդիրն այն է, որ նա ոչինչ չի շահի մասնակցությունից: «Բայց ավելի հատկանշական է ընդդիմության առաջնորդ Միլիբենդի հետ դեմ առ դեմ հանդիպումից հրաժարվելը», – բացատրում է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել