Ընթերցվածք` Ելք 3.16-22, Հվլ. 3.1-8
Թեև այսօրվա ընթերցվածքը հատուցման մասին է, որին մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալ նախորդ օրերին, ցանկանում եմ մասնավորաբար խոսել պահքի կարևորության մասին: Այսօր կիսվում է Մեծ պահքը, և թերևս սա լավագույն առիթն է վերստին այդ մասին խորհրդածելու: Պահքը միջոց է հոգևոր վերածննդի: Ճշմարիտ պահեցողության մեջ գտնվողը նմանվում է Քրիստոսին, հաղորդության մեջ է հրեշտակների, մարգարեների, առաքյալների հետ և աղոթքով ու պահքով «յուրացնելով» Քրիստոսին` դառնում է արդար ու բարի:
Թյուր ընկալում ունեն կարծողները, որ պահքը հիմնականում սննդից հրաժարում է ենթադրում: Ճշմարիտ պահեցողությունը չարից հեռացման, լեզվի ու մարմնի սանձման, բարկության հանդարտեցման, կրքերի զսպման, դատարկաբանության, ստախոսության ու չարախոսության դադարեցման մեջ է: Պահքը մեզ առիթ է տալիս նախ և առաջ ուշադրություն դարձնել մեր հոգուն, կատարելագործել մեր հոգևոր մարմինը, ազատագրվել և պաշտպանվել աներևույթ կապանքներից ու չարիքից: Պահքն ազատում է մեզ մեղքի ստրկությունից և ազատություն տալիս շնորհների, այն դարմանում է հոգևոր վերքերը, զորացնում մեզ Աստծու երկյուղի մեջ, ոռոգում է մեր առաքինությունները` ծաղկեցնելով մեր հոգին:
Պիտի զանազանենք մարմնական պահքը հոգևոր պահքից: Երկուսն էլ լրացնում են միմյանց և սերտորեն պայմանավորված են միմյանցով: Շատ առիթներ են եղել լսելու մարդկանցից, թե իրենց համար մարմնական պահքը էական չէ այլևս, քանի որ գիտակցում են հոգևոր պահքի կարևորությունը: Սակայն նրանք մեծապես սխալվում են. իրականում մեկը կամ մյուսն առանձնաբար բավարար չէ և իմաստավորվում են միայն այն դեպքում, երբ երկուսն էլ իրագործվում են:
Չէ՞ որ մեր առօրյա կյանքում մեր հոգին և մարմինն առանձնաբար չեն ապրում: Սբ Ոսկեբերանն ասում է. «Ինչ օգուտ, որ հաց չես ուտում, սակայն ատելությամբ արբենում ես: Պահեցողությունից տկարանում ես, սակայն մերձավորիդ չարախոսում: Սննդից հեռու ես մնում, սակայն հափշտակում ես ուրիշի ունեցվածքը...»: Կարևոր է, որ ոչ միայն մեր բերանը պահք պահի, այլև տեսողությունը, լսելիքները, մեր մարմնի բոլոր անդամները: Ի վերջո, ըստ Տիրոջ խոսքի` այն չի պղծում մարդուն, ինչ մտնում է նրա մեջ, այլ պղծում է այն, ինչ ելնում է նրանից:
Պահքն առանց այս գիտակցության բարիք և անհրաժեշտություն չէ և կարող է անգամ վնասակար լինել: Բայց մենք պետք է այն առիթ դարձնենք մաքրելու մեր հոգին ու մարմինը, որովհետև այդ ժամանակ է մեր պահեցողությունը դառնում Աստծուն հաճելի զոհաբերություն ու սխրանք` զարդարված բազում բարի գործերի պտուղներով: