1in.am-ը գրում է.
Այսօր «Երևան Մոլ»-ում կայացել է ֆրանսիական «Քարֆուր» սուպերմարկետի ոչ պաշտոնական բացումը:
Մեր այցելության պահին սուպերմարկետը բաց էր` լեփ-լեցուն մարդկանցով, ովքեր, սակայն բացմանը մասնակցում էին հրավիրատոմսերով: Անվտանգության աշխատակիցները մեզ ներս չթողեցին` պատճառաբանելով, որ պաշտոնական բացումը վաղն է, իսկ այսօր բացմանը մասնակցում են աշխատակիցների կողմից հրավիրված անձինք, տարբեր խանութների եւ ընկերությունների աշխատակիցներ:
Սուպերմարկետը լեփ-լեցուն էր նաև ապրանքներով: Ցավոք, գներին ծանոթանալ չհաջողվեց մեզ ներս չթողնելու պատճառով: Մինչ այս նշվում էր, որ «Քարֆուր»-ում լինելու են աննախադեպ ցածր գներ, քան հայաստանյան այլ սուպերմարկետներում են:
Նշենք նաև, որ «Երևան Մոլ»-ում հերթապահություն էին իրականացնում ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ:
«Քարֆուր»-ի պաշտոնական բացումը նախատեսված է վաղն առավոտյան:



