Արդեն քանի օր է, ինչ համալսարանում փուչիկներով աղջիկներ եմ տեսնում: Հետո մտաբերեցի, որ շաբաթվա մեջ մեկ-երկու անգամ համալսարանում հանդիպում են փուչիկի կապոցով աղջիկներ, շատ ուրախ: Հասկացա՝ կամ իրենց ծնունդն է, կամ համակուրսեցու, որի համար նախատեսված են փուչիկները: Գեղեցիկ է, իրոք, բայց...
Բայց ուսանողուհու ծնունդը զարդարել, գեղեցկացնել, նրան այդ օրն ուրախացնել փուչիկներո՞վ: Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 18-20 տարեկան աղջիկների մասին: Մի քիչ տարօրինակ չէ՞ այդ տարիքում ծնունդը նշել փուչիկներով, այլ էլ՝ բուհում: Մեր ժամանակ եթե նույնիսկ դպրոցում մեկը ծննդյան օրվա կապակցությամբ հոբելյարին փուչիկ նվիրեր, նա գետինը կմտներ ամոթից:
Չենք խորանում այն հարցի մեջ, որ մարդուն իր իսկ ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելը չափազանց տարօրինակ և անհասկանալի բան է. չենք քննարկում այդ բարդ փիլիսոփայական հարցը, քանի որ ժամանակակից մարդու նուրբ ուղեղը կարող է նման հարվածի չդիմանալ: Տարեդարձը լավ, ուրախ և հիշվող տոն է, բայց, ամեն դեպքում, 18-20 տարեկան ուսանողուհուն ուրախացնել փուչիկո՞վ...



