Անմոռուկս անմոռուկիդ վնաս չի168․am-ը գրում է․

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկի» շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Հիշեցնենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհրդանիշը` անմոռուկ ծաղիկը և կարգախոսը («Հիշում եմ և պահանջում») հանրության դատին ներկայացվեցին 2014 թվականի մայիսի վերջին։ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որն անցկացրել է մրցույթ։ Ներկայացվել են տասնյակ աշխատանքներ, հանձնախումբը որոշել և պետական հանձնաժողովն էլ հաստատել է «Շարմ» ընկերության նախապատրաստած խորհրդանիշը` անմոռուկ ծաղկի տեսքով, որը բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու։ Անմոռուկը ներկայացնելու առաջին իսկ օրվանից սկսվեց քննադատությունների և մեղադրանքների տարափը։ Ոմանք ասում էին, որ խորհրդանիշը լավը չէ, մյուսներն ասում էին, որ գաղափարը գողացված է ռուսական առևտրային ընկերության լոգոտիպից։ Եղան նաև մարդիկ, ովքեր ավելի հեռուն գնացին. լոգոտիպը կապեցին մասոնականության հետ։ Ինչպես ասում են, սև PR-ը նույնպես PR է։ Ու նաև այդ մեղադրանքների շնորհիվ` Անմոռուկը կարծես ճանաչվեց և մասսայականություն ստացավ։ Մեր հայրենակիցներից շատերը սոցիալական ցանցերի իրենց հիմնական նկարները փոխարինեցին անմոռուկով։ Շատ պաշտոնյաների (հատկապես ՀՀԿ-ական) կուսակցական կրծքանշաններին փոխարինեցին անմոռուկի ձևով պատրաստված կրծքանշանները։ Մեքենաների վրա հայտնվեցին կպչուն անմոռուկներ։ Մի խոսքով, անմոռուկը տարածվեց և շարունակում է տարածվել։ Իսկ այն, ինչ ճանաչվում է, բնականաբար, կարող է դառնալ բիզնես ու եկամտի աղբյուր։ Ու սկսվեց բիզնեսը, ընդ որում, բավականին շահութաբեր։ Տպագրական ծառայությունները տպագրում և վաճառում են կպչուն թղթի վրա պատկերված անմոռուկներ` մեքենայի ապակիներին և այլ տեղերում օգտագործելու համար։ Դիզայներներն առաջարկում են ամենատարբեր պարագաներ` անմոռուկային թեմաներով։ Իսկ կրծքանշան-անմոռուկները` ոսկեջրած կամ արծաթաջրած, առաջարկվում են ինտերնետում։ Ընդ որում, բավականին թանկ` 3000-5000 դրամ։ Ոմանք այնքան էին տարվել Ցեղասպանության թեմատիկան փող աշխատելու համար օգտագործելու ձգտումներով, որ անգամ չափերն անցան։ Օրինակ` ատամնաբուժական կլինիկաներից մեկն ակցիա էր առաջարկել` 1.5 միլն հայերի ատամնաքարերի անվճար մաքրում։ Սա հանձնաժողովին ստիպեց ավելի հետևողականորեն գտնվել Ցեղասպանության հետ առնչվող ատրիբուտիկայի օգտագործումը կանոնակարգելու հարցում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգելու համար ստեղծված կայքում զգուշացվում է. ««Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում և արտերկրում։ Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը։ Այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր ցանկություն ունեն օգտագործել «Անմոռուկը» հուշանվերային արտադրություն կազմակերպելու համար, պետք է դիմեն 010 530062 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկեն հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել