Հայաստանի կառավարության նիստում հավանություն է արժանացել եվրապարտատոմսերի թողարկման ազդագիրը, եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի (Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc, J.P.Morgan Securities plc) հետ կնքվելիք բաժանորդագրության և պարտավորությունների կառավարման պայմանագրերը և մի շարք այլ փաստաթղթեր, որոնցով կարգավորվում են իրավահարաբերությունները գլխավոր տեղաբաշխողների խմբի, ֆիսկալ գործակալի (CITIBANK, N.A., LONDON BRANCH և CITIBANK N.A., NEW YORK BRANCH), գործընթացին առնչվող այլ սուբյեկտների հետ:
Կառավարությունն այս քայլը դիտարկում է որպես պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներից մեկը: Նշվում է, որ արտարժութային պարտատոմսերով գործառնությունների իրականացումը կախված է միջազգային կապիտալի շուկայի պայմաններից: Միաժամանակ, այդ պայմանների նպաստավոր լինելու դեպքում, գործառնությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ առկա են հավանության արժանացած անհրաժեշտ փաստաթղթերը և կառավարության կողմից առանձին փաստաթղթերի ստորագրման համար ֆինանսների նախարարությանը տրամադրված լիազորությունը:



