Հայկո Բաղդադ. «Այս հողերում 1.5 միլիոն մարդ գերեզման չունի»Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի քաղաքացի, ծագումով հայ ռադիոլրագրող, սյունակագիր և գրող Հայկո Բաղդադը հարցազրույց է տվել թուրքական «Huriiyet» պարբերականին: Հայկոն անդրադարձել է իր հայկական ծագմանն ու կրոնական պատկանելիությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ու հայերի պահանջատիրության հարցերին: Ըստ  Ermenihaber.am-ինշյալ  հարցազրույցի առավել ուշագրավ հատվածներն են.

- Հեռուստահաղորդումներում որպես «հայերի ներկայացուցիչ» հանդես եկող Հայկո Բաղդադը կապվա՞ծ է իր կրոնին:
-Ես կես հայ եմ: Նախկինում Հայոց պատրիարքարանի ճամփան անգամ չգիտեի: Բայց եթե նույնիսկ աթեիստ էլ լինեմ, պատրիարքն ինձ համար շատ կարևոր կերպար է, շատ մեծ հարգանք եմ տածում նրա հանդեպ:

- Դուք ճանաչո՞ւմ եք պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին:
- Ձեզ մի դեպք պատմեմ. երբ աշխատում էի ռադիոյում, լուր ստացա, որ պատրիարքի ու նրան ուղեկցողների ավտոբուսն Անթալիայում կողաշրջվել է: Ես հանդգնեցի զանգահարել ընկերոջս, ով այդ ժամանակ պատրիարքի կողքին էր, ու խնդրեցի, որ պատրիարքը հեռախոսով ուղիղ եթեր միանա: Հետո էլ եթերում հայտարարեցի, որ քիչ հետո զրուցելու ենք պատրարքի հետ: Պատկերացնո՞ւմ եք իմ հանդգնությունը:

- Իսկ նա չմիացա՞վ ուղիղ եթերին:
-Միացավ: Ասաց, որ կոտրվածքներ ունի և քիչ հետո վիահատության պիտի գնա: Պատկերացրեք, ողջ հասարակությունը և մասնավորապես` հայերը, դեպքի մասին տեղեկացան անմիջապես պատրիարքից` իմ հաղորդման միջոցով:

- Հիմա առանց նախաբանի հարցնում եմ. 2015թ. ապրիլի 24-ին ի՞նչ է լինելու:
- Ոչինչ: Մարդիկ կորցրել են իրենց գյուղերը, կորցրել են իրենց կյանքը: Այս հողերում ըստ կարգի չթաղված մեկուկես միլիոն աճյուն ունենք: Մեկուկես միլիոն մարդ գերեզման չունի:

- Իսկ ի՞նչ կարող ենք անել հիմա:
- Միակ բանը, որ հիմա կարող ենք անել, նրանց հուղարկավորելն է: Ինչպես հարկն է, պետք է հոգեհանգստի արարողություն կատարենք նրանց համար: Պիտի աղոթքներ կարդալով` հոգեհանգստի կարգ մատուցենք և աշխարհի բոլոր լեզուներով «ամեն» ասենք: Հակառակ դեպքում սգի շրջանը չի վերջանա: Հարյուր հազարավոր չթաղված աճյունների առկայությունն այս հողերում մեզ ոչ նորմալ է դարձնում: Այո, իմ կարծիքով այն, ինչ տեղի է ունեցել, ցեղասպանություն է: Ընդգծում եմ «ցեղասպանություն» եզրը, քանի որ կարծում եմ, որ պետք է շեշտել այդ բառը:

- Ինչո՞ւ է անվանումն այդքան կարևոր:
- Որովհետև միջազգային օրենքը ցեղասպանության նման մի շարք հասկացություններ և դրանց համար պատժամիջոցները կիրառում է որպես կանխարգելիչ քայլ, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն: Ըստ էության, ցեղասպանությունների համար դատապարտվում են ոչ թե պետություններն ու ազգերը, այլ տվյալ ժամանակի առաջնորդները: Ովքեր պետք է օրենքի առաջ պատասխան տային Հայոց ցեղասպանության համար, այլևս կենդանի չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել