Հայտնի քաղաքական ուժին «կուլակաթափ» անելուց հետո գներն սկսեցին նոր թափով սլանալ առաջ: Տարեսկզբից արդեն իսկ բարձրացել էր այսպես կոչված «ռուսական պելմենի» կոչվող սննդատեսակը (չգիտես ինչու, գովազդատուներն այս կերակրատեսակն անվանում են «պիլմենի»), այնուհետ հերթը հասավ տեղական շոկոլադին, որից հետո մսամթերքին: Տեղական խոզի միսը շարունակեց էլ ավելի խոզային վերաբերմունք դրսևորել՝ հատելով 3500-3800դրամի շեմը 1 կգ-ի մեջ: «Այլընտրանքը» «ռուսի շվայնիշ» ռուսական խոզի միսն է՝ 1կգ-ն 2000դրամ, և դեռ 1 տարի առաջ գինը բարձրացված բրազիլական խոզի միսը՝ 2300դրամ. շա՜տ «բարեխիղճ» մրցակցություն է. տեղականը ներմուծվածից թանկ է: Խոզի մսի վատ օրինակին փետրվարի վերջից հետևեց տավարի միսը՝ 1800-2000 դրամից հասնելով 2200-2800 դրամի, հետո հերթը հասավ կասկածելի ծագում ու հումք ունեցող նրբերշիկներին, որոնց գինը «թեթևի» ու «արագի մեջ» հասցրին 2500 դրամի: Միակ էժանացումը տեղական հացի, ալյուրի ու ռուսական ձեթի պարագայում է, որոնք պարզապես իջել են իրենց՝ մինչամանորյա «ելման դիրքին», որի համար սպառողները թերևս մինչև երկինք-գետին շնորհակալ ու երախտապարտ պետք է լինեն արտադրողներին ու ներկրողներին: Իսկ ահա նույն արմատներից սերվող «ազգակիցներ» նարինջն ու մանդարինը քաղաքական լուրջ հակասությունների մեջ են. մանդարինի գինը կտրուկ բարձրանում է, նարինջի գինը՝ կտրուկ իջնում: Եթե բարձր գներից շատ եք «նեղվում», ու օդը չի հերիքում, ապա ձեզ տհաճ անակնկալներ են սպասվում օդամղիչ «մենթոլի» կամ անգամ էժանագին անանուխի կոնֆետների պարագայում, որոնց գինը 1200-ից կտրուկ թռավ 1400-1450 դրամի՝ մարտ ամսվա թոշակների ու աշխատավարձերի բաշխման հետ. «Էդ թոշակառուներն ի՞նչ ա, պետք ա մենթոլ ուտե՞ն, որ ափալ-թափալ դրա գինն էլ են բարձրացրել»,- զարմանում է վանաձորցիներից մեկը: Տեսնելով, որ հանապազօրյա սուրճի գինն էլ հատել է 3000 դրամի սահմանը՝ հայտնվում եք խոր ընկճախտի մե՞ջ, խնդրեմ, դեղատներում ձեզ անհամբեր սպասում են կրկնակի թանկացած դեղերը:
...Մթերքի գների կտրուկ աճից մնում է ենթադրել, որ կամ շուկայական դաշտի մի հատվածը տնօրինվում էր հայտնի քաղաքական ուժի կողմից, ու հիմա այդ ոլորտի պատասխանատուներն իրենց բարոյական ու նյութական վնասները, մեծամասշտաբ հարկային ստուգումների հետ կապված չնախատեսված ծախսերը փորձում են ժողովրդի «ջանից» հանել, կամ՝ շուկայական «մաֆիան» էլ վախենալու բան չունի հնարավոր սոցիալական հուզումներից. չէ՞ որ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ մինչև ապրիլի 24 ոչ մի հանրահավաք չի լինելու: Իսկ այդ ընթացքում «մաֆիայի» ախորժակը նորանոր ոլորտներ է ընգրկում: